Բավ է պառակտվել
04-09-2021 21:20

Ֆրանսիան օժանդակում է Հայաստանին ճգնաժամի հաղթահարման գործում․ ԱԳՆ ղեկավար

Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին` բազմաթիվ մարդկային կորուստների հանգեցրած ղարաբաղյան հակամարտության հետևանքները հաղթահարելու գործում։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հղած շնորհավորական ուղերձում, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը։

«Ձեր երկիրը վերջին ամիսներին բախվել է անվտանգային, տնտեսական և առողջապահական մի շարք փորձությունների: Ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի լիակատար աջակցությունը դժվարին այս փուլն անցնող հայ ժողովրդին»,- ասվում է ուղերձում:

Նշվում է, որ Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին` բազմաթիվ մարդկային կորուստների հանգեցրած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները հաղթահարելու գործում, և որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` հետևողական կմնա հիմնախնդրի տևական կարգավորման ուղիների որոնումներում:

«Եթե վերջին ամիսների միջադեպերն ընդգծում են Ձեր երկրի սահմանների սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը, ապա ցանկանում ենք, որպեսզի ռազմագերիների և ականապատ գոտիների քարտեզների վերջին փոխանակումներով առաջ եկած դրական դինամիկան նպաստի կողմերի միջև վստահության վերականգնմանը: Ֆրանսիան Հարավային Կովկասի տարածաշրջանում հանդես է գալիս որպես խաղաղության դերակատար և Հայաստանի կողքին է այդքան անհրաժեշտ և սպասված խաղաղությանը հասնելու համար», - ասվում է ուղերձում: