Բավ է պառակտվել
28-07-2021 16:50

Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերսկսել քաղաքական գործընթացները․ Լաքոտը՝ սահմանին իրավիճակի սրացման մասին

Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերսկսել քաղաքական գործընթացները և բացառել ուժի կամ այլ ազդեցությունների ներգործությունն, ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը չորեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ Գեղարքւոնիքի մարզում ընթանում են մարտական գործողություններ, և նա մտովի զինծառայողների և զոհվածների ընտանիքների հետ է։

Նրա խոսքով, այդ ամենը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վատթարացման համատեքստում։

«Այդ իրադարձությունները մտահոգություն են առաջացնում Ֆրանսիայում, քանի որ դրանք խախտում են հրադադարի ռեժիմը, ինչի պատճառով անվտանգային իրավիճակը Հայաստանի սահմաններին վատթարանում է։ Այս համատեքստում Ֆրանսիան կոչ է անում վերսկսել քաղաքական գործընթացները Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց այդ գործընթացը պետք է լինի արդարացի, և չպետք է իրականացվի ուժի կամ որևէ այլ ազդեցության ներգործությամբ»,- ասել է Լաքոտը։

Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կան շփումներ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, որոնք, առաջին հերթին, ուղղված են այն բանին, որպեսզի մենք կարողանանք նպաստել իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև քաղաքական գործընթացների վերսկսմանը՝ երբ գա ժամանակը։

Ըստ Հայաստանի Պաշտպանության նախարարության, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հուլիսի 28-ին, ժամը 03: 40-ի սահմաններում, գրոհել են հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելքում` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Հակառակորդը փորձել է բարելավել իր դիրքերն առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով, Հայաստանի զինված ուժերը պաշտպանել են իրենց դիրքերը` թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը: Պաշտպանության նախարարության տվյալներով ՝ հայկական կողմն ունի երեք զոհ և երեք վիրավոր: Ժամը 09:20-ի դրությամբ ադրբեջանական ստորաբաժանումները, կրելով կորուստներ, ետ են շպրտվել ելման դիրքեր: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմի վերականգնման մասին: