Բավ է պառակտվել
23-07-2021 16:47

Ֆրանսիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին․ դեսպան

Ֆրանսիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ասել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը «Ազատւթյուն» ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Մարդիկ պետք է վստահ լինեն, որ Ֆրանսիայի իշխանություններն ամենաբարձր մակարդակով լիովին տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- ասել է դեսպանը, այս համատեքստում նշելով իրավիճակի կարևորությունը Երասխում (Ադրբեջանի հետ սահմանակից բնակավայր Հայաստանի Արարատի մարզում, որը հուլիսի 14-ից պարբերաբար գնդակոծվում է ադրբեջանական ԶՈւ կողմից՝ խմբ․)։ Լաքոտը Երասխն անվանել է միաժամանակ խորհրդանշական և ռազմավարական վայր։ «Ռազմավարական, քանի որ Ադրբեջանի հետ Երևանին ամենամոտիկ սահմանն է, իսկ խորհրդանշական, քանի որ սա մի վայր է, որտեղ հանդիպում են չորս պետություններ։ Այս պահին այնտեղ լարվածություն կա, բայց պետք է հուսանք, որ ապագայում Երասխը կարող է կրկին դառնալ այն խաչմերուկը, որ եղել է ժամանակին»,- նշել է դիվանագետը։

Ֆրանսիայի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Դեսպանը մեկնաբանել է Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ «Մենք, անշուշտ, պատրաստ կլինենք դիտարկել հայկական իշխանությունների կողմից Ֆրանսիային ուղղված պաշտպանության ոլորտում բոլոր հայտերը։ Իհարկե, պետք է հաշվի առնել որոշ իրողություններ։ Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական դաշինքների անդամ չեն»,- հավելել է Լաքոտը։

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ապագա պատերազմին պատրաստվելու խնդիր դրված չէ։ «Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելն է և քաղաքական գործընթացում ուղեկցելն է, որը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում», - ասել է Լաքոտը։

Միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին
Հայաստանի Ադրբեջանի հետ սահմանակից մարզերում (Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում) Ադրբեջանի զինուժի որոշ խմբեր մայիսի 12-ից ապօրինի հատել են ՀՀ պետական սահմանը՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ և մինչ օրս գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Հայաստանի հետ սահմանի երկայնքով ադրբեջանցի զինծառայողները ճանապարհների և դիրքերի շինարարության կանոնավոր փորձեր են ձեռնարկում, արձանագրվել են հայկական տարածքի կրակակոծման, Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներից անասունների գողության դեպքեր։
Հայկական կողմը բազմիցս պահանջել է Ադրբեջանին ԶՈւ-ից վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից։
Մայիսի 27-ին վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հայելային եղանակով հետ քաշել կողմերի զինված ուժերը ելման դիրքեր, Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծի երկայնքով տեղակայել ռուս սահմանապահների։ Դրանից հետո, ըստ իր պլանի, կարելի կլինի սկսել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները։

Սահմանին լարվածության նոր փուլ արձանագրվեց մոտ մեկ շաբաթ առաջ. հուլիսի 14-ից Հայաստանի Արարատի մարզի Երասխ գյուղը, որը սահմանակից է Ադրբեջանի հետ (Նախիջևան, վերահսկվում է Ադրբեջանի կողմից) պարբերաբար գնդակոծվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Երասխով է անցնում միջպետական ​​Մ2 մայրուղին՝ միացնելով Հայաստանի հյուսիսը հարավի հետ, և շարունակվում է մինչև Իրանի հետ սահման: Երասխից դեպի արևմուտք անցնում է հայ-թուրքական պետական սահմանը։