Բավ է պառակտվել
16-06-2020 15:40

87 կողմ, 0 դեմ. Գագիկ Ծառուկյանը զրկվեց անձեռնմխելիությունից,


ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնամխելիությունից։ Խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների հաշվարկով Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնամխելիությունից։

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ քվեարկությանը 132 պատգամավորից մասնակցել է 87-ը։ Անվավեր քվեաթերթիկ չի եղել։ Կողմ քվեարկել է 87-ը։
Նման միջնորդություն ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Նշենք, որ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն քվեարկությանը չեն մասնակցել։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն կիրակի առավոտյան խուզարկություն իրականացրեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Այնուհետև Ծառուկյանը տան դիմաց հավաքվածներին հայտարարեց, թե իր նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է կատարվում, և որ «ամեն ինչ սարքած է»` հավելելով, որ ինքը գնում է հարցաքննության: ԱԱԾ դիմած հավաքվել էին ԲՀԿ-ական պատգամավորները և մարդիկ, որ ներկայանում էին Ծառուկյանի աջակիցներ: Մոտ 10 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից` պնդելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Նշենք, որ ԱԺ պատգամավորի կարգավիճակի մասին օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` պատգամավորական լիազորությունների ընթացքում և դրանից հետո անձը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորի կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում: Պատգամավորին չի կարելի կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել առանց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով տրված Ազգային ժողովի համաձայնության։ Պատգամավորի անձեռնմխելիությունը տարածվում է իրեն պատկանող գույքի և ծառայողական աշխատասենյակի վրա։
Այսպիսով նրա նկատմամբ հնարավոր կլինի քրեական հետապնդում իրականացնել։