Բավ է պառակտվել
15-11-2014 15:44

Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը ժամանակավրեպ է. Գագիկ Մելիքյան

«Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը բացասական անդրադարձ կունենա Մինսկի խմբի իրականացրած բանակցային գործընթացի վրա, ինչը հղի է նաեւ ռազմական լուրջ վտանգներով»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Գագիկ Մելիքյանն` անդրադառնալով այս շաբաթ ԱԺ-ում Զարուհի Փոստանջյանի բարձրացրած արտահերթ հարցին: «Ժառանգություն» խմբակցությունը նույն ձեւով անընդհատ փորձում է հարցը շահարկել: Մեզ համար անընդունելի է այն փաստը, որ պատվերով հայրենասիրություն են խաղում: Մենք հարցի քննարկումը չենք ընդունում, քանի որ դա ժամանակավրեպ է եւ որեւէ առավելություն կողմերին չի բերի, բացի հակասությունների ավելացումից»,- ասաց Գագիկ Մելիքյանը: Նրա խոսքով`մի շարք երկրներ մեծ հաջողությամբ շարունակում են ներքին եւ արտաքին քաղաքականություն իրականացնել նույնիսկ առանց ինքնորոշման ճանաչման: «Ի՞նչ է փոխվել նրանից, որ ԼՂՀ-ի ինքնորոշումը այս պահին ճանաչված չէ: Անկախ, ազատ հռչակված ԼՂՀ-ն այսօր լուրջ քաղաքական եւ տնտեսական գործունեություն է իրականացնում, տարբեր միջազգային կառույցների կողմից արդեն ճանաչվել է Արցախի ինքնորոշումը: Ես կարծում եմ, որ այս գործընթացը կշարունակվի, ինչը մեզ համար ձեռնտու է: Կհորդորեմ մեր ընդդիմադիր գործընկերներին, որ Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ինքնորոշման ճանաչման հարցը անընդհատ շահարկելու փոխարեն Ադրբեջանից պահանջեն ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման փաստը: Ա´յ դա ես կհամարեմ հայրենասիրություն եւ ոչ պատվիրված»,- նշեց պատգամավորը: