Բավ է պառակտվել
25-09-2020 22:39

Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը:

«Դատարանը բավարարեց նախաքննության մարմնի միջնորդությունը՝ երկու ամսով: Այս որոշման կայացումը մեզ համար ակնհայտ կանխատեսելի էր, դրա համար պարոն Ծառուկյանը չներկայացավ, ինքը Ազգային անվտանգության ծառայություն է միանգամից գնացել», - հայտարարեց Դիլբանդյանը:

Փաստաբանը հայտնեց, որ որոշումը կբողոքարկվի վերաքննիչ դատարանում: «Որոշումն ակնհայտորեն անօրինական էր, որովհետև բոլոր այն փաստարկները, որոնք առաջին ատյանի դատարանում ներկայացվեցին, ըստ էության չորս ամիս անցնելուց հետո առանց որևէ վկայակոչելու, խոչընդոտելու որևէ հիմք մատնանշելու քաղաքական գործչին, կուսակցության ղեկավարին միջին ծանրության հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրելով կալանքը որպես խափանման միջոց կիրառելը եվրոպական արժեքներին համահունչ որոշում չէ», - ընդգծեց Սամվել Դիլբանդյանը:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, դեռ առավոտյան մեկնարկել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը:

Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ դատական նիստն ընդմիջվել էր, դատարանը խորհրդակցական սենյակ էր գնացել որոշում կայացնելու։

Ծառուկյանի փաստաբանները լրագրողների հետ զրույցում ասել են, թե շարունակում են մնալ այն կարծիքին, որ քաղաքական որոշում կա Ծառուկյանին կալանավորելու:

Ծառուկյանը համարում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում Կառավարության հրաժարականը պահանջելու համար։

Ծառուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը: