Բավ է պառակտվել
05-09-2018 10:19

Գագիկ Ծառուկյանը բարոյական չի համարում Քոչարյանի հետ համագործակցության մասին հարցը (տեսանյութ)

 

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հարցը “Բարգավաճ Հայաստան” կուսակցության օրակարգում չկա։ Այդ մասին այսօր հայտարարել է “Մոսկվա” կինոթատրոն Երևանի ավագանու խորհրդի իր կուսակցության թեկնածուների հետ հանդիպման եկած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Իսկ հարցին, թե արդյո՞ք բացառում է նման համագործակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Ծառուկյանն այդպես էլ ուղիղ պատասխան չի տվել, ասելով, որ երբ լինեն արտահերթ ընտրություններն, այն ժամանակ կմտածեն։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ով մեղադրվում է 2008 թ․-ին սահամանդրական կարգի տապալման մեջ, իր վերջին հարցազրույցի ժամանակ հայտարարել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության մտադրության մասին։ Նա չէր հստակեցրել, թե ինչ քաղաքական թիմի հետ է գնալու ընտրությունների, սակայն նաև չէր բացառել, որ պայքարում իրեն կաջակցեն մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցությունը և Գագիկ Ծառուկյանի “Բարգավաճ Հայաստանը”։

ԲՀԿ ղեկավարն անպատասխան թողեց հարցն այն մասին, թե արդյո՞ք նա ցանկանում է, որ Ռոբերտ Քոչարյանը նորից իշխանության գա։

Ծառուկյանը հավաստիացրեց, որ Քոչարյանի կողմից համագործակցության առաջարկ չի ստացել։ “Օրակարգում նման հարց չկա, մենք չենք քննարկել։ Քոչարյանի հետ չենք հանդիպել, չենք զրուցել”։

Պատասխանելով հարցին, արդյո՞ք բացառում է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը՝ Ծառուկյանն ասաց։ “Ես Ձեզ ուզում եմ ասել, որ Դուք հարցը մտածված տաք։ Դուք գիտեք, ում հետ եմ ես այսօր համագործակցում, մենք այսօր կառավարության մաս ենք կազմում, և այդպիսի հարցեր ինձ տալը բարոյական չէ։ Եթե մենք չհամագործակցեինք (կառավարության հետ՝ Gisher.news)՝ Դուք կարող էիք ինձ այդ հարցը տալ, բայց այսօր մենք համագործակցու՞մ ենք, թե՝ ո՞չ…: Մենք լավ թիմային հարաբերություններ ունենք։ Եթե թիմերում լինում են որոշակի խոչընդոտներ՝ մենք դա հարթում ենք։ Մենք ուզում ենք մեր ժողովրդի սպասելիքներն, այն, ինչի համար պայքարել է՝ իրականություն դարձնենք”։

Եթե երկընտրանքի առաջ կանգնի՝ համագործակցել Փաշինյանի կամ Քոչարյանի հետ, ինքն ու՞մ կընտրի հարցին Ծառուկյանը պատասխանել է․ “ես ինձ կընտրեմ”։
ԲՀԿ նախագահը գերադասել է չմեկնաբանել Քոչարյանին ներկայացված սահմանդրական կարգի տապալման մեղանդրանքը, ասելով, որ հարցը գտնվում է իրավական դաշտում, նա հարցին կանդրադառնա, երբ հստակություն մտցվի։

Ծառուկյանը բացառել է 2008 թ․մարտի 1-ի իրադարձություններին իր մասնակցությունը։ Լրագրողի հարցին, որ այն ժամանակ հրապարակումներ են եղել, որ նրա անվտանգության ծառայության աշխատակիցները նույնպես ժողովրդի դեմ են ելել, Գագիկ Ծառուկյանը պատասխանել է, որ այդ լուրեր տարածողներն անբարոյական մարդիկ են։ “Դա շանտաժ է Ծառուկյանի նկատմամբ…, եթե Ծառուկյան մասնակցություն է ունեցել մարտի 1-ին՝ թող Ծառուկյանին մասսայական հրապարակում գնդակահարեն”,- ասել է նա։
ԲՀԿ-ում բացառում են, որ Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների ժամանակ իրենց անունը կապվի ընտրակաշառք բաժանելու կամ արգելված բարեգործության հետ։ Փաշինյանի կառավարությունը համարում է, որ անհրաժեշտ է խստացնել ընտրակաշառքի համար նախատեսված պատիժը։
Երևանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ երբ այդ առաջարկը մտցվի խորհրդարան՝ նրանք ամբողջ խմբակցությամբ կողմ կքվեարկեն։

Իր ելույթում Ծառուկյանն առանձնակի անդրադարձել է կաշառք բաժանելու հարցին, ասելով, որ նա նման հրահանգ չի տվել։ “Ես ոչ մեկին նման բան չեմ հանձնարարել։ Դրանք դատարկ խոսակցություններ են։ Նրանք, ովքեր խոսում են դրա մասին՝ մեր թշնամիներն են։ Եթե որևէ մեկը կարողանա ապացուցել, որ Ծառուկյանը հանձնարարել է փող բաժանել մեզ ավելի շատ ձայն տալու համար՝ ես ներողություն կխնդրեմ։ Եթե նման բան պատահի՝ ես պատրաստ եմ պատժի ենթարկվել”։

Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին ԲԳԿ-ն կմասնակցի 195 թեկնածուից բաղկացած ցուցակով, “Երևանս բարեկարգ, հարմարավետ, կանաչ” կարգախոսով։