Բավ է պառակտվել
05-05-2014 17:20

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Գարեգին Բ-ին

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր՝ մայիսի 5-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրան ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ շնորհավորելով Գալուստ Սահակյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով` Գարեգին Բ-ն արգասաբեր գործունեություն է մաղթել նրան: Անդրադառնալով ժողովրդի առջեւ ծառացած բազմաբնույթ մարտահրավերներին` Վեհափառ հայրապետը վստահություն է հայտնել, որ Ազգային ժողովի նախագահը եւ Աժ պատգամավորները, լինելով ժողովրդի ձգտումների ու սպասումների արտահայտողը, պետության եւ ժողովրդի շահի բարձր գիտակցությամբ, օրենսդրական կարգավորումներով բարի արդյունքներ պիտի ապահովեն երկրի առաջընթացի, ժողովրդի արժանապատիվ եւ բարօր կյանքի կերտման ճանապարհին:

Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ՀՀ Ազգային ժողովի հարաբերություններին, ինչպես նաեւ Հայ եկեղեցու` որպես ազգային բացառիկ կառույցի, համախմբող դերակատարությանը: Այս առիթով Ամենայն Հայոց կաթողիկոսն իր գոհունակությունն է հայտնել Հայ եկեղեցու եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցության համար:

ՀՀ ԱԺ նորընտիր նախագահը, իր հերթին բարձր գնահատելով Հայոց եկեղեցու դերակատարությունն ազգային կյանքում, անհրաժեշտ է նկատել համատեղ ջանքերի ներդրումը` հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման համար: Ամենայն Հայոց հայրապետն ու ԱԺ նախագահը կարեւորել են Մայր աթոռի եւ ՀՀ Ազգային ժողովի հետագա համագործակցությունը:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց հայրապետը վերստին Սուրբ Հոգու առաջնորդությունը մաղթեց ԱԺ նախագահին` պատասխանատու իր առաքելության մեջ: