ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիությանը (ԵՄ) անհնար է, քանի որ այդ կառույցներն ունեն անհամատեղելի կարգավորիչ համակարգեր։ Նրանք տարբերվում են մաքսային չափորոշիչների, սերտիֆիկացման, ապրանքների մակնշման և մտավոր սեփականության հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումներով:
Նա նշեց, որ Հայաստանի բանակցությունները ԵՄ-ի հետ մերձեցման, այդ թվում՝ առանց վիզայի հնարավոր ռեժիմի շուրջ, արդեն սկսվել են։ Սակայն Եվրամիությունը, ըստ նրա, Երևանից պահանջում է քաղաքական լոյալություն և հակառուսական պատժամիջոցներին հավատարիմ մնալ՝ դրա դիմաց լուրջ երաշխիքներ չտալով։
Գալուզինն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը զգալի տնտեսական օգուտներ է բերում Հայաստանին։ Այսպիսով, Հայաստանի և ԵԱՏՄ գործընկերների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 13 մլրդ դոլարի՝ նախորդ տարվա համեմատ աճելով 53%-ով, իսկ ԵՄ-ի հետ առևտուրը կազմել է 2 մլրդ դոլարից մի փոքր ավելի և նվազել 24%-ով։ Նրա կարծիքով՝ եվրասիական ինտեգրացիայի մերժումը հօգուտ ԵՄ կարող է հանգեցնել ՀՆԱ-ի անկման, բիզնեսի պայմանների վատթարացման եւ բնակչության կենսամակարդակի նվազման։
Նա նաև հավելեց, որ, չնայած Հայաստանում առկա եվրոպամետ տրամադրություններին, կարևոր է հաշվի առնել այն քաղաքացիների կարծիքը, ովքեր աջակցում են ԵԱՏՄ-ի շրջանակներում երկրի հետագա զարգացմանը։