Բավ է պառակտվել
27-09-2020 14:49

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին դադարեցնել ռազմական գործողությունները

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ճանապարհը բանակցություններին վերադառնալն է, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլզ Միշելը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները լրջորեն անհանգստացնում են: Ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն՝ հետագա սրացումը կանխելու համար», - Twitter-ում գրել է ԵԽ ղեկավարը:

«Առանց նախապայմանների բանակցությունների անհապաղ վերադարձը միակ ճանապարհն է», - ընդգծել է Միշելը

Մտահոգություն հայտնել է նաև Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը և կոչ արել Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ասված է ԵԽ մամուլի ծառայության հայտարարության մեջ:

«Ես լրջորեն անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական սրման մասին հաղորդագրություններից: Կոչ եմ անում մեր անդամ երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, պատասխանատվություն և զսպվածություն ցուցաբերել՝ անմիջապես դադարեցնելով ռազմական գործողությունները», - ասել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

Նա ընդգծել է, որ Եվրախորհրդին անդամակցելիս և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը պարտավորություն են ստանձնել լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով, և այդ պարտավորությունը պետք է պահպանվի:

«Եվրախորհրդի անունից կոչ եմ անում մեր երկու անդամ պետությունների իշխանություններին անել հնարավորը մարդկային կյանքը պաշտպանելու և ռազմական բախման մեջ չմտնելու համար: Անհրաժեշտ է ամեն ջանք գործադրել, որպեսզի դադարեցվի սրացումը», - նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

«Այդ կապակցությամբ մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ մեր անդամ երկրներին այս հակամարտության խաղաղ լուծումը գտնելու հարցում օգնելու գործում», - ավելացրել է նա: