Բավ է պառակտվել
07-03-2015 12:28

Բելառուսի հյուպատոսը մեղադրել է Ադրբեջանին ԼՂՀ բնակչության իրավունքները ոտնահարելու մեջ

Լատվիայի Դաուգավպիլս քաղաքում Բելառուսի հանրապետության գլխավոր հյուպատոս Վլադիմիր Կլիմովը հարցազրույցում մեղադրել է Ադրբեջանին նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում հայ բնակչության իրավունքները ոտնահարելու համար։ Նշենք, որ հյուպատոսը զինվորական ծառայություն է անցել նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում։ «Լեռնային Ղարաբաղից ես տեղափոխվեցի 1992թ.։ Մեր ստորաբաժանմանը հանձնարարված էր կանխել ռազմական գործողությունների ծավալումը հակամարտ կողմերի միջև, զինաթափել անօրինական զինված խմբավորումները։ Հայ ժողովրդին ինքնադրսևորման իրավունք չէին տալիս։ 1923-1991թթ.. Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը մտնում էր Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ և բնակեցված էր գերազանցապես հայերով։ Ենթադրենք հայկական ընտանիքում երեխա էր ծնվում Մալումյան ազգանունով, իսկ ՔԿԱԳ-ում նրան գրանցում էին Մալումյանով ազգանունով՝ ադրբեջանական «շունչ» տալով։ Չէր խրախուսվում ազգային ավանդույթներին հետևելը, լինում էին տարաձայնություններ կրոնական հողի վրա։ Բոլոր այդ վիրավորանքները կուտակվում էին, իսկ հետո ինչ-որ մեկը սադրեց իրավիճակը, և բռնկվեց հակամարտությունը»,- հայտարարել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ նույն բանն էր կատարվում Ուկրաինայի Հարավ-արևելքում Յուշենկոյի օրոք, երբ Արևմտյան Ուկրաինայից մարդիկ էին ուղարկում Հարավ-Արևելք ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար։ «Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ինքնահռչակ պետություն է։ 1994թ. հրադադարի մասին արձանագրություն ստորագրվեց մի կողմից Ադրբեջանի, իսկ մյուս կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջև։ Նման իրավիճակ է նկատվում Մերձդնեստրում, որտեղ շատ տնտեսական կապեր սառեցված են, կան հաղորդակցության և փաստաթղթերի ձևակերպման խնդիրներ։ Ընդհանուր առմամբ ինքնահռչակումը փակուղի տանող լուծում է»,- հայտարարել է դիվանագետը։