Բավ է պառակտվել
16-10-2020 00:09

ՀՀ Գլխավոր դատախազությունը ՌԴ-ին և Իրանին է փոխանցել Ադրբեջանում վարձկանների առկայության ապացույցները

ՀՀ Գլխավոր դատախազությունը Ռուսաստանի Դաշնության և Իրանի գործընկերներին է փոխանցել քրեական գործերով հաստատված ապացույցներն այն մասին, որ Ադրբեջանի Զինված ուժերում առկա են վարձկաններ:

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Զինվորական դատախազ, ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը:

«Դատախազությունն ակտիվ համագործակցում է օտարերկրյա գործընկերների, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության և Իրանի հետ: Նրանց փոխանցել ենք մեր ձեռքի տակ առկա, հաստատված ապացույցները, և կարելի է ասել՝ ամենօրյա աշխատանքի գրաֆիկով փորձում ենք հնարավորինս ամեն ինչ անել, որ քրեական գործերով արդեն իսկ հաստատված այն հանգամանքով, որ վարձկաններ կան Ադրբեջանի զինված ուժերի կազմում, համապատասխան միջոցառումներ իրականացվեն նրանց ներթափանցումը կանխարգելելու, նրանց ինքնությունը հաստատելու, նրանց հայտնաբերելու և այլ ուղղություններով»,- ասաց Հարությունյանը:

Վահե Հարությունյանը նշեց, որ արդեն իսկ շուրջ երկու տասնյակից ավելի քրեական գործեր են հարուցվել՝ ինչպես Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, այնպես էլ՝ այլ հանցագործությունների վերաբերյալ:

«Արդեն փաստերը հաստատագրված են, իրականացվում են համապատասխան միջոցառումներ դրանց իրավական գնահատականը լիարժեք տալու, ինչպես նաև հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին հետամուտ լինելու նպատակով»,- նշեց ՀՀ Զինվորական դատախազը: