Բավ է պառակտվել
16-06-2022 19:40

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը նշել է Հայաստանում տեսանելի առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Փաշինյանը նշել է, որ Հայաստանը՝ լինելով Եվրոպայի Խորհրդի անդամ, հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին և կարևորում է համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, անկախ դատական համակարգի կայացման գործընթացում: Նա արդյունավետ է գնահատել ԵԽԽՎ-ի, ՄԻԵԴ-ի հետ աշխատանքը և անդրադարձել Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի խնդրին, որի ուղղությամբ ՀՀ կառավարությունը սերտորեն աշխատում է ՄԻԵԴ-ի հետ:

Պեյչինովիչ Բուրիչը նշել է՝ Եվրոպայի խորհուրդն արժևորում է Հայաստանի հետ փոխգործակցությունը և իր այցի նպատակն է առավել ամրապնդել այն: Նա ողջունել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումները, որոնց ուղղությամբ Հայաստանը տեսանելի առաջընթաց է արձանագրում

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի: Քննարկման առարկա են դարձել արդարադատության ոլորտի բարեփոխման ընթացքն ու մարտահրավերները: Վարչապետը նշել է դատական համակարգի հանդեպ հանրային վստահության բարձրացման կարևորությունը, ԵԽ Գլխավոր քարտուղարն էլ վերահաստատել է ԵԽ խորհրդատվական աջակցությամբ, փորձով ու գիտելիքներով գործընթացին օժանդակելու պատրաստակամությունը: Անդրադարձ է եղել նաև կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի տարբեր ոլորտներում խթանելու հարցին: Քննարկվել է ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի 2019-2022 թթ. Իրականացումը:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի, տարածաշրջանային և միջազգային անվտանգության մարտահրավերների շուրջ: Ընդգծվել է երկխոսության կարևորությունը խաղաղության և բարգավաճման հասնելու ճանապարհին:

Վարչապետը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության, խաղաղության օրակարգի շուրջ և կարևորել միջազգային գործընկերների հասցեական արձագանքը տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին: