Բավ է պառակտվել
10-11-2022 12:12

Ադրբեջանի աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք մնալ Հարավային Կովկասի անվտանգությանը

Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք մնալ Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանն. հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության և կայունության համար»,- հայտարարել է նա կառավարության նիստում ունեցած ելույթում:

Նրա խոսքով, միջազգային հանրությանն ուղղված անհասցե և Հայաստանի Հանրապետությանն ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածությունները և պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել Հայաստանին և մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը:

«Ընդ որում, Ալիևի հայտարարությունները հնչում են Վաշինգթոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման և հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին էլ հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ»,- ընդգծել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ տխրառչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է ընդամենը օրեր առաջ՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին: Ինչպես նշել է վարչապետը, Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին՝ հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլանունների սպառնալից օգտագործմամբ խաղաղ բնակչությանը ահաբեկելու ակնհայտ մղումով: