Բավ է պառակտվել
19-02-2018 18:19

Նախագահի հերթական ելույթը նման բարձր ամբիոնից փաստում է՝ ՀՀ աշխարհաքաղաքական կշիռը շատ ավելի մեծ է, քան այն տարածքը, որ ունենք. Ա. Աշոտյան

Երկրի ղեկավար Սերժ Սարգսյանն ինչպես նախորդ բոլոր տարիներին, այնպես էլ այս տարի շատ ակտիվ արտաքին քաղաքական օրակարգ է ձևավորում:

Զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ նկատելով, որ հանրապետության ղեկավարը նաև ծրագրային ու հստակ շեշտադրումներով ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Նա նշեց, որ Մյունխենի անվտանգության համաժողովում էլ Սերժ Սարգսյանը բարձրաձայնեց ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի և պաշտպանության մասին:

«Սա հատկապես կարևոր է այն իրականության մեջ, որում մենք ապրում ենք, քանի որ աշխարհը դարձել է շատ ավելի կոնֆրոնտացիոն, անկանխատեսելի ու բախումնային: Այս տեսակետից ՀՀ-ի կողմից վարվող քաղաքականությունը մի կողմից պետք է լինի սեփական շահերը պաշտպանելու և առաջ մղելու քաղաքականությունը, մյուս կողմից՝ հնարավորինս պետք է խուսափել տարածաշրջանային և գլոբալ բախումային օրակարգի մաս դառնալուց: Ալիևի հայտարարությունը նման է լուցկու տուփի, այսինքն՝ շատ լուրջ վերաբերվելը ծիծաղելի կլինի, բայց անլուրջ վերաբերվելը՝ վտանգավոր: Կարծում եմ՝ նախագահի կողմից բարձրացված մոտեցումը շատ հստակ է, հատկապես նոր շեշտադրում էր առ այն, որ միջազգային հանրությունը, մասնավորապես, եվրոպական կառույցները, պատշաճ կերպով չեն արձանագրում Ադրբեջանի գործող ռազմաքաղաքական ղեկավարության վտանգավոր հայտարարություններին»,- ասաց նա:

Աշոտյանը շեշտեց՝ ՀՀ-ն ունի այդ իրավունքը պահանջելու, որ մեզ հետ գործընկեր և համագործակցող ինստիտուտները պարտավոր լինեն նաև պատասխանատվություն կրել անվտանգային միջավայրի ձևավորման համար: Պատգամավորը կարևորեց այն հանգամանքը, որ ևս մեկ անգամ փաստվեց՝ ՀՀ-ը գլոբալ համաշխարհային քաղաքական օրակարգի կարևոր մասն է, ավելին՝ ՀՀ աշխարհաքաղաքական կշիռը շատ ավելի մեծ է, քան այն տարածքը կամ բնակչությունը, որ մենք ունենք:

«Նախագահի հերթական ելույթը նման բարձր ամբիոնից սրա կարևորագույն ազդակներից մեկն էր, հատկապես այս անկանխատեսելի ու սրվող միջազգային հարաբերությունների միջավայրում»,- շարունակեց Արմեն Աշոտյանը:

Ինչ վերաբերում է հարցին, որ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Սադի Ջաֆարովի՝ ՀՀ նախագահին ուղղված հարցի մեջ թիրախավորվեց այն հանգամանքը, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային գործընթացներից, Արմեն Աշոտյանը պատասխանեց, թե այդ թեզը զուտ քարոզչական նպատակներ ունի, որը «բրթում» և առաջ են տանում ադրբեջանցիները:

«Բոլոր հարթակներում այս թեզն ադրբեջանցիներն ասում են: Վերջերս Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի կոմիտեների նիստում էլ ադրբեջանական պատվիրակությունը կեղծ խաղաղարարության շղարշի ներքո փորձում էր իբրև թե «շահագրգռել» Հայաստանին մասնակցել այդ ծրագրերին: Մենք արցախյան շարժման ակունքներից մերժել ենք «ազատությունը փողի դիմաց» մոտեցումը, սա ՀՀ-ի և Արցախի ժողովրդի համար անկիրառելի ու մերժելի նախագիծ է: Մենք չենք վաճառում մեր ազատությունն ու Արցախի ժողովրդի ազատությունը հանուն այն խողովակաշարերի, որոնք պետք է անցնեին մեր տարածքով ու որոշակի եկամուտ ապահովեին»:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը չհերքեց՝ հրաշալի կլինի, որ տարածաշրջանային նախագծերն ունենային ներառական բնույթ, բայց շեշտեց, որ եթե դրա գինն Արցախի ժողովրդի ազատությունն է, ապա այն շատ բարձր է: Պատգամավորի գնահատմամբ՝ միջազգային կառույցները, որոնք տարածաշրջանային նախագծերով են զբաղված, մեծ ուշադրություն չեն դարձնում այն հանգամանքի վրա, որ նման նախագծերը ստանում են քաղաքական երանգ: Միևնույն ժամանակ, Աշոտյանը մատնացույց արեց այն հանգամանքը, որ Ադրբեջանի՝ տարանցիկ գոտի լինելը և իրենց ռազմատենչ հայտարարությունները չեն շաղկապվում, ավելին՝ այդ խողովակաշարերը կապում են հենց Ադրբեջանի ձեռքերը:

«Տարածաշրջանային նախագծերը քաղաքական երանգ են ստանում, իսկ մեր որոշ հակառակորդների կողմից փորձում է օգտագործվել որպես գեոտնտեսական լծակ ՀՀ-ի վրա: Մի կարևոր հանգամանք էլ կա՝ իրականության մեջ այն խողովակաշարերը, որոնք անցնում են Ադրբեջանով, Ադրբեջանին՝ որպես քաղաքական միավոր, դարձնում են հումքի մատակարար և տրանզիտային գոտի: Դրանք կապում են Ադրբեջանի ձեռքերը, որովհետև Հայաստանի ներուժը հերիքում է լայնամասշտաբ պատերազմի դեպքում նաև հստակ արձագանքել, պատասխանել՝ նման գլոբալ տնտեսական ենթակառուցվածքներին վնաս հասցնելու տեսքով: Եթե Ալիևն ասում է, որ ուզում է գրավել Երևանը, ապա հնարավոր լայնամասշտաբ պատերազմի պարագայում հումքատար խողովակաշարերը Ադրբեջանին պատանդ են դարձնում»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը: