Բավ է պառակտվել
30-03-2015 11:39

Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման լուրջ արգելքներ չկան.պատմաբան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներն ուսումնասիրող Աշոտ Հայրունին համոզմունք հայտնեց, թե Գերմանիայի բունդեսթագի կողմից դեռևս տասը տարի առաջ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձևը, որով այդ ոճրագործությանը իրավաքաղաքական պատշաճ գնահատական չի ստանում, չի ճանաչվում և դատապարտվում որպես այդպիսին, կարող է շատ կարևոր և հուսալի հենարան դառնալ երկրորդ քայլը կատարելու ճանապարհին:
«Գերմանիայի բունդեսթագն ընդունել է բանաձև, որտեղ պատմական իրականությունը շատ հստակ է ներկայացված, Գերմանիան ընդունում է սեփական պատասխանատվության գիտակցումը և դրան դիմադարձ կանգնելու անհրաժշտության ընկալումը, դրանից ածանցված պարտավորությունները: Պետք է մեր արտաքին քաղաքական ռազմավարությունը կառուցել այնպես, որ բանաձևը դառնա նախադրյալ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը ավարտին հասցնելու, Գերմանիայի համապատասխանատվության հենքի վրա արագացնել կամ արդյունավետ դարձնել նաև Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը»,- մանրամասնեց նա և միաժամանակ փաստեց, որ այսօր Գերմանիայում հասարակական ճնշում կա, նաև լրատվամիջոցներն են ակտիվորեն հանդես գալիս ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման: Պատմաբանի խոսքով՝ կան մարդիկ, ովքեր սպասում են, ապրիլի 24-ին գերմանական բունդեսթագում նախատեսված քննարկման ժամանակ Գերմանիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ոմանք էլ այդ օրն ակնկալում են սկանդալ:  «Այդ օրը Գերմանիայի բունդեսթագում կայանալու է Հայոց ցեղասպանության թեմայով քննարկում: Ակնկալիքները բազմազան են՝ սկսած նրանից, որ կառաջանա մեծ սկանդալ, կամ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցների, ովքեր որոշակի խումբ են կազմում, պարտություն կամ հաղթանակ»,- նշեց նա: 

Բանախոսը նաև նշեց, որ Հայոց ցեղասպանության կապակցությամբ Գերմանիայի տարբեր քաղաքներում նախատեսված են տարբեր միջոցառումներ ողջ տարվա ընթացքում: