Բավ է պառակտվել
10-05-2014 10:58

Գերմանիան և Եվրամիությունը երբեք չեն համակերպվի Ղրիմի բռնակցմանը. Մերկել

Գերմանիան և Եվրամիությունը երբեք չեն համակերպվի Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Ըստ նրա Ղրիմի հարցում անհրաժեշտ է համբերություն ցուցաբերել` այդ համատեքստում հիշեցնելով Բալթիկ երկրների և Գերմանիայի պատմական փորձը, որ նրանց նույնպես բավական երկար ժամանակ է պահանջվել անկախանալու և վերամիավորվելու համար:

Մերկելը մեղադրել է Ռուսաստանին 1945թ.-ից հետո ձևավորված եվրոպական քաղաքականության հիմքերը քանդելու մեջ:

«Եվրոպական հետպատերազմյան քաղաքականության հիմքը յուրաքանչյուր պետության տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքն է, և այդ հիմքը ոչ միայն հարցականի տակ է դրվել, այլև անտեսվել է: Եվրոպայի համար դա ոչ միայն շատ վտանգավոր է, այլև անընդունելի է, քանի որ այն, ինչը մենք քրտնաջանորեն կառուցել ենք 1945թ.-ից սկսած, կարող է շատ արագ ոչնչացվել: Այստեղ մենք չենք կարող փոխզիջման գնալ, իրերը պետք է կոչվեն իրենց անուններով»,- ասել է Գերմանիայի կանցլերը:

Մերկելը կարևորել է Ուկրաինայում մայիսի 25-ին նախատեսված արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը և դրանցում հնարավորինս շատ քաղաքացիների մասնակցությունը: Նա վերահաստատել է, որ եթե Ռուսաստանը շարունակի ապակայունացնել իրավիճակը Ուկրաինայում, ապա Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կկիրառի: