Բավ է պառակտվել
08-02-2021 20:26

Գերմանիան, Շվեդիան և Լեհաստանը արտաքսել են երեք ռուս դիվանագետի

Գերմանիայի, Շվեդիայի և Լեհաստանի իշխանությունները երեք ռուս դիվանագետի պերսոնա նոն գրատա են հայտարարել:

Երեք երկրների արտաքին գործերի նախարարություններն այս որոշումն անվանել են Ռուսաստանից նրանց աշխատակիցների արտաքսման պատասխան, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր փետրվարի 5-ին:

Գերմանիայում պերսոնա նոն գրատա է հայտարարվել Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցը, իսկ Լեհաստանում՝ Պոզնանում գլխավոր հյուպատոսության աշխատակից: Շվեդիայից արտաքսված ռուս դիվանագետի պաշտոնը չի հստակեցվել։

Անցյալ ուրբաթ Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդեց, որ Գերմանիայի, Շվեդիայի և Լեհաստանի դիվանագիտական առաքելությունների աշխատակիցները մասնակցել են չհամաձայնեցված գործողությունների: Նրանց հայտարարեցին պերսոնա նոն գրատա և պարտադրեցին լքել երկիրը: Կրեմլն այս որոշումն անվանել է անօրինական անկարգությունների ֆոնին արտասահմանյան ներկայացուցչությունների գործողությունների հետևանք: Ինչպես նշել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանը ցույց է տվել, որ «մտադիր չէ դա հանդուրժել»:

Հունվարի 23-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներում տեղի ունեցան չհամաձայնեցված բողոքի ցույցեր, որոնք շարունակվեցին հունվարի 31-ին՝ չնայած իշխանությունների բազմաթիվ նախազգուշացումներին, այդ թվում նաև COVID-19-ով զանգվածային վարակման սպառնալիքի մասին: Մարդիկ փողոց էին դուրս եկել նաև փետրվարի 2-ի երեկոյան այն բանից հետո, երբ Մոսկվայի Սիմոնովսկու դատարանը Իվ Ռոշեի գործով Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժամիջոցը փոխարինեց իրականով՝ 3,5 տարի ընդհանուր ռեժիմի գաղութում: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չհամաձայնեցված գործողությունների կազմակերպիչներին սադրիչներ է անվանել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի կարծիք արտահայտելու, բայց «այն ամենը, ինչը դուրս է գալիս օրենքի սահմաններից, ոչ թե պարզապես հակաարդյունավետ է, այլ՝ վտանգավոր»: