Գերմանիան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև բանակցությունների շուտափույթ վերսկսման օգտին՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ։ Այս մասին ասված է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի Հայաստան այցի նախօրեին։
«Գերմանիան հանդես է գալիս կայուն խաղաղության, տարածաշրջանի քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացիայի և Եվրոպայի հետ սերտ ու լավ հարաբերությունների օգտին: Տարածաշրջանում վստահության ձևավորումն ու հաշտության հաստատումը շատ կարևոր է։ Հիմնական նպատակը համապարփակ, խաղաղ, բանակցային լուծումն է, որպեսզի հայերը և ադրբեջանցիները կարողանան խաղաղ և անվտանգ ապրել իրենց ազգային սահմաններում»,- ասված է հայտարարության մեջ։
Բերբոքը Հայաստան է ժամանում նոյեմբերի 3-ին։ Այցի ընթացքում նա կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նա նաև կայցելի Եվրամիության դիտորդական առաքելություն և Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման կենտրոն: