Բավ է պառակտվել
31-08-2022 19:13

Եվրախորհրդի նախագահը հայտարարություն է տարածել Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը չորեքշաբթի օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո հանդես է եկել մամուլի հայտարարությամբ։

«Ինչպես պայմանավորվել էինք մայիսին կայացած մեր վերջին հանդիպման ժամանակ, այսօր ես ընդունեցի Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին։ Սա մեր չորրորդ քննարկումն էր այս ձևաչափով։ Մեր քննարկումների առանցքում եղել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները, ինչպես նաև Եվրամիության հարաբերությունները երկու երկրների հետ։։ Մեր քննարկումները եղել են բաց և արդյունավետ, ինչի համար երախտագիտություն եմ հայտնում երկու առաջնորդներին։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք մեր օրակարգի բոլոր հարցերն»,- ​​ասված է հայտարարության մեջ։

Միշելի խոսքով, ուրախալի է տեսնել, որ բավականին քայլեր են կատարվել կողմերի վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու ուղղությամբ։

«Այսօր մենք համաձայնել ենք առարկայական ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի ուղղությամբ առաջ շարժվելու համար և հանձնարարել ենք արտգործնախարարներին մեկ ամսվա ընթացքում հանդիպել պայմանագրի տեքստի նախագծի վրա աշխատելու նպատակով։ Մենք նաև մանրամասն քննարկել ենք մարդասիրական, այդ թվում՝ ականազերծման խնդիրները, գերիներին և անհայտ կորածների ճակատագրի հարցը»,- ասվում է հայտարարությունում։

Միշելն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կարևորությունը։ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այդ հարցով։

«Մենք քննարկել ենք սահմանազատման հետ կապված բոլոր հարցերի շուրջ առաջընթացն, ինչպես նաև այն, թե ինչպես լավագույնս ապահովել կայուն իրավիճակ: Մենք պայմանավորվեցինք, որ սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերին Բրյուսելում։ Մենք անդրադարձել ենք տրանսպորտային կապերի ապաշրջափակման եղանակների վերաբերյալ քննարկումների ընթացքին: Այս բոլոր քննարկումներում կցանկանայի շեշտել երկու երկրների բնակիչներին երկարատև ու կայուն խաղաղության պատրաստելու կարևորությունը։ Այս առումով կարևոր է հանրությանը ճիշտ ուղերձներ հղելը, այսպիսի զգայուն իրավիճակում հանրային ցանկացած խոսք լսում և հետևություններ են անում նաև մյուս կողմում»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ ԵՄ-ն պատրաստ է հետագայում նույնպես ուժեղացնել իր աջակցությունը երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատմանը:

«ԵՄ-ն նաև կշարունակի ջանքեր գործադրել տնտեսական զարգացման առաջխաղացման համար՝ ի շահ երկու երկրների և նրանց բնակչության: Մենք պայմանավորվել ենք այս ձևաչափով կրկին հանդիպել մինչև նոյեմբերի վերջ»,- ասվում է հայտարարությունում։