Բավ է պառակտվել
21-06-2022 12:45

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նախկին նախագահ Արթուր Վանեցյանը նշել է պատգամավորական մանդատից հրաժարվելու պատճառը։

«Այսօր օրենքով սահմանված կարգով դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ։ Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ․ ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներև է՝ ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ», - ասվում է Վանեցյանի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ «Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որի շրջանակներում գործընկերների հետ համեմատաբար կարճ, բայց հագեցած ճանապարհ են անցել։ ՎԱնեցյանը վստահություն է հայտնել, որ ճանապարհը կշարունակվի՝ հանուն երկրի փրկության, իսկ ապագայում նաև՝ մեր պետականության առողջացման և ուժեղացման։

«Մենք այսօր կանգնած ենք հայրենազրկման շեմին և սխալվելու իրավունք այլևս չունենք։ Պայքարն այլընտրանք չունի, և ինչպես բազմիցս նշել եմ՝ այսօր հանուն հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի պայքարում կուսակցական դրոշներ, բաժանարար գծեր ու կարգավիճակներ չկան։ Սա մեր համազգային պայքարն է, և մենք՝ «Հայրենիք» կուսակցության անդամներս, շարունակելու ենք այն մեր ժողովրդի հետ միասին», - ասվում է հայտարարության մեջ։
։
Ապրիլի 18-ին Վանեցյանը սկսել է անժամկետ ակցիա՝ Հայաստանի իշխանությունների հրաժարականի պահանջով։ Վերջին ամիսներին մասնակցել է «Դիմադրություն» շարժման գործողություններին։