Բավ է պառակտվել
21-05-2021 14:28

Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը մեկնաբանել է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Ալիևի առաջարկը

Սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը վերաբերելու է միայն Հայաստանին և Ադրբեջանին և որևէ կապ չի ունենալու Արցախի սահմանների և կարգավիճակի հետ, ասել է հինգշաբթի ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Մայիսի 20-ին Փաշինյանը հայտարարեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից գաղտնազերծված՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի դելիմիտացիայի մասին «գաղտնի փաստաթուղթը» ստորագրելու պատրաստակամության մասին, որով նախատեսվում է մի շարք հայկական գյուղերի փոխանցումն Ադրբեջանին:

Մայիսի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի սահմանները ճանաչելու և առևտրատնտեսական համագործակցություն սկսելու պատրաստակամության մասին, նշելով, որ դրա համար Երևանը պետք է ճանաչի Ադրբեջանի սահմաններն, այդ թվում՝ Ղարաբաղը ճանաչելով որպես Ադրբեջանի մաս:

«Եթե այս փաստաթուղթը ստորագրվի և նման հանձնաժողով ստեղծվի, իսկ դա կարող  է տեղի ունենալ միայն հայկական կողմի պայմանի իրագործման դեպքում, խոսքը լինելու է ՀՀ և Ադրբեջանի սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին, և ոչ Ադրբեջանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին։ Այսինքն՝ այս գործընթացը կամ այս հանձնաժողովը որևէ կապ չի ունենալու Արցախի սահմանների և կարգավիճակի հետ»,- ասել է Ռուբինյանը։

Նա հիշեցրել է, որ ի պատասխան դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողով ստեղծելու առաջարկին հայկական կողմը նշել է, որ դա կարող է տեղի ունենալ ադրբեջանական զորամիավորումները Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրսբերելուց հետո միայն։

Նրա խոսքով, անկախ այն բանից, թե ինչպես է դիտարկում փաստաթողթը Ադրբեջանը՝ Հաայստանն ունի իր դիրքորոշումը և տվյալ առաջարկը որևէ կապ չունի Արցախի սահմանների և կարգավիճակի հետ։

«Ես տեսել եմ Ալիևի հայտարարությունը․ այդպես չի կարող լինել, Արցախի հակամարտությունը լուծված չէ, նոյեմբերի 9-ի հայտարարությունը խաղաղության պայմանագիր չի եղել, այդ հայտարարության մեջ որևէ հղում չի եղել Արցախի այս կամ այն կարգավիճակին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները ֆիքսել են իրենց տեսակետն առ այն, որ Արցախի կարգավիճակի որոշման հարցը մնում է բաց, և, հետևաբար, իր հայտարարածը տեղի չի կարող ունենալ»,- ասել է Ռուբինյանը։

Նրա խոսքով, պետք է տեղի ունենա հետևյալը․ ադրբեջանական զորամիավորումները պետք է լքեն ՀՀ ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված սահմանները, և միջազգային գործընկերների դիրքորոշումն այս հարցում համընկնում է հայկական կողմի դիրքորոշման հետ։

Նա նշել է, որ փաստաթղթի ստորագրման ժամկետները կախված են հայկական կողմի ներկայացրած պայմաններն ընդունելուց։

«Կարևոր չի, թե նրանք ինչ են ասում, կարևոր է՝ ինչ են անում, իսկ նրանք մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքում են։ Իրավիճակը Սյունիքում և Գեղարքունիքում անփոփոխ է, ինչն անընդունելի է մեզ համար, և մենք կշարունակենք օգտագործել բոլոր մեխամիզմներն ու մեծացնել միջազգային ճնշումը։ Ադրբեջանի զորամիավորումները պետք է հեռանան Հայաստանի տարածքից»,- ասել է Ռուբինյանը։

Նա նշել է, որ այս պահին ադրբեջանական զորամիավորումները դեռևս գտնվում են հայկական տարածքում, ինչն անընդունելի է, և հայկական կողմը կշարունակի օգտագործել բոլոր մեխանիզմները ՀԱՊԿ և հայ-ռուսական համագործակցության շրջանակներում։

«Կան մեխանիզմներ, որոնք գործարկված են. այո, այդ գործընթացները տեղի չեն ունենում այն արագությամբ, որը մենք կուզեինք տեսնել, բայց Հայաստանը փոխկապակցված է միջազգային և դաշնակցային պարտավորություններով։ Մենք ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները աջակցելու են մեզ, բայց կան որոշակի ընթացակարգեր»,- ասել է Ռուբինյանը։