Բա՛վ է պառակտվել
19-12-2018 13:55

Քաղավիացիայի կոմիտեի նախագահը հանդիպել է Ադրբեջանի քաղավիացիայի ղեկավարին

Երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ։ Երիտասարդ հայ պաշտոնյան իր ադրբեջանցի պաշտոնակցին հանդիպել է Փարիզ-Բրյուսել-Կոպենհագեն 12-օրյա հագեցած գործուղման շրջանակում։

Հանդիպումն ինքնին զարմանալի է նրանով, որ, ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից և Արտաքին գործերի նախարարներից զատ այլ մակարդակներում երբևէ որևէ այլ երկկողմ հանդիպում տեղի չի ունենում։

Հետաքրքիր էր, արդյո՞ք Տաթևիկ Ռևազյանն իր հանդիպումը համաձայնեցրել կամ կոորդինացրե՞լ էր ՀՀ վարչապետի աշխատակազմի, Արտաքին գործերի նախարարության կամ Ազգային անվտանգության ծառայության հետ, թե՞ գործել է ինքնագլուխ` հանդիպելով մի պետության ներկայացուցչի հետ, որը փակել է Հայաստանի համար իր օդային տարածքը և սպառնում է խոցել Ստեփանակերտ թռչող ցանկացած քաղաքացիական ինքնաթիռ:

Հ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն, անդրադառնալով տվյալ հարցին, ասաց, որ համաձայն ՀՀ վարչապետի սեպտեմբերի 19-ի 1230Ն որոշման՝ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացվել է վերոնշյալ գործուղումների մասին, որոնք վերաբերում էին հաշվետվության մեջ նշված բազմակողմ միջոցառումներին մասնակցությանը:

«Վերջիններիս շրջանակներում կայացած Ձեր կողմից հարցված հանդիպումները նախապես ծրագրված չեն եղել և կրում էին ոչ ֆորմալ բնույթ»,- նշեց Աննա Նաղդալյանը։