Բավ է պառակտվել
21-01-2022 13:08

Հայաստանի արտգործնախարարը և ԵՄ պատվիրակությունը հայտարարել են Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ հայրենադարձման մասին

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ուրբաթ ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը, հայտնում է գերատեսչության մամլո ծառայությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին: Այս համատեքստում շեշտվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկման վերաբերյալ: Այս առումով, նախարար Միրզոյանը կարևորել է Սոչիի եռակողմ հայատարարությամբ ամրագրված և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ բրյուսելյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Ընդգծվել է նաև հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման, ինչպես նաև՝ Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը:

Հայաստանի ԱԳ նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման շուրջ բանակցությունների լիարժեք վերսկսումը: