ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ուրբաթ ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Ընդգծվել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և ոչ կառուցողական քաղաքականությունը խաթարում են խաղաղության հաստատման ջանքերը, իսկ նոր էսկալացիայի հավանականությունը շարունակում է բարձր մնալ:
Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Հոկտեմբերի 26-ին Հայաստան ժամանած ԵՄ դիտորդները սկսել են պարեկությունը սահմանային գոտում։ Առաջիկա երկու ամսվա ընթացքում ԵՄ դիտորդական առաքելությունը իրավիճակի դիտարկումներ կիրականացնի հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ նպաստելու վստահության ձևավորմանը և սահմանային հարցերով հանձնաժողովների աշխատանքին