Բավ է պառակտվել
08-12-2021 20:52

Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները լուրջ սպառնալիք են տարածաշրջանի համար. Հայաստանի ԱԳ ղեկավարը՝ Լավրովին

Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները և ուժի կիրառման սպառնալիքները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը: Այս մասին ասել է չորեքշաբթի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտաքին կապերի գերատեսչության մամլո ծառայությունը՝ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի լիարժեք վերականգնումը։

Միրզոյանը և Լավրովը քննարկել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են նաև «3+3» ձևաչափին առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։