Բավ է պառակտվել
09-07-2019 23:37

Հարկավոր է գտնել անհրաժեշտ մեխանիզմ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը համար

Երեքաբթի Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել և ելույթ է ունեցել Սլովակիայի Բարձր Տատրաներում կայացած “Անցյալի գործողություններից ապագա կանխարգելման. ԵԱՀԿ դերը կայունությունը խթանելու գործում Եվրոպայում և անդին” խորագրով ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։

Ինչպես տեղեկացրել է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունը, հանդիպմանը մասնակցել են ավելի քան երկու տասնյակ երկրների ԱԳ նախարարներ և ԵԱՀԿ կառույցների ղեկավարներ:

Մնացականյանն անդրադարձել է ԵԱՀԿ երեք հարթություններում առկա մարտահրավերներին, ընդգծելով, որ, ըստ էության, ԵԱՀԿ-ն եվրոպական ճարտարապետության մաս է, որը միավորում է բազմակողմ համագործակցությունը մեծապես կարևորող մեծ և փոքր պետությունների:

“Հաշվի առնելով ԵԱՀԿ առավել լայն աշխարհագրությունը, որտեղ ներկայացված են մասնակից պետություններ ՀԱՊԿ-ից, Եվրասիական տնտեսական միությունից, ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից, ինչպես նաև երկրներ, որոնք որևէ միության անդամ չեն, ապա պետք է ընդգծել, որ սա  կարևոր հարթակ է՝ փորձարկելու տարբեր գաղափարներ, տարբեր ճանապարհներ, որոնք ուղղված են եթե ոչ տարբերությունների հաղթահարմանը, ապա առնվազն՝ դրանց կառավարմանը։ Սա շատ կարևոր արժեք է, որը պետք է ԵԱՀԿ շրջանակներում գնահատենք և պահպանենք”,-ասել է նա։

Անդրադառնալով մարդկային հարթությանը` Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ այն, ընդհանուր առմամբ, Եվրոպայում տարածաշրջանային բազմակողմ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքի հիմքում է ընկած, թեև ներկայումս ակնառու է այս ուղղությամբ հետընթացը։

“Մարդու իրավունքները և ժողովրդավարության արժեքները հետ են մղվում, ինչը շատ վտանգավոր է”,- ընդգծել է նա։

Մնացականյանը շեշտել է ԵԱՀԿ շրջանակում առկա կառույցների՝ ԺՀՄԻԳ-ի, Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի, Ազգային փոքրամասնությունների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի կարևորությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծապես շահել է վերջիններիս հետ համագործակցությունից: Միաժամանակ նախարարը նշել է ԵԱՀԿ-ում առկա գործիքակազմի անխափան աշխատանքն ապահովելու անհրաժեշտությունը:

“Այն պետք է պահպանվի և աջակցություն ստանա։ Տարիներ շարունակ մենք ներգրավված ենք եղել ԵԱՀԿ շրջանակներում մարդկային հարթության երկխոսության մեջ՝ բարձր գնահատելով քաղաքացիական հասարակության դերը, և ըստ իս՝ նրան հետ մղելու փորձերն արդարացված չէ”,-ասել է նա։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն անընդունելի է համարել մարդու իրավունքների նկատմամբ ընտրողական վերաբերմունքը։

“ԵԱՀԿ-ի շրջանակներում մենք ունենք հակամարտություններ: Մենք պետք է մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ որդեգրենք կարգավիճակով չպայմանավորված մոտեցում: Կան վայրեր, որտեղ մարդիկ ջանում են խթանել մարդու իրավունքները, սեփական ուժերով ստեղծելով համապատասխան ինստիտուտներ, քանի որ չեն վայելում այն աջակցությունը, որը շատերն ունեն”,- ասել է նա։

Ըստ Մնացականյանի, անընդունելի է, երբ մի պարագայում դա տեղի է ունենում, իսկ մեկ այլ պարագայում՝ ոչ:

“Մարդու իրավունքները պայմանավորված չեն կարգավիճակով: Մենք պետք է ընդունենք դա և գտնենք անհրաժեշտ մեխանիզմ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում տարածելու համար: Եվ իհարկե, ես նկատի ունեմ նաև Արցախը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերաբերում է մարդկանց։ Այն մարդկանց մասին է, նրանց կենսական, ֆիզիկական անվտանգության մասին: Դա է ընկած մեր մոտեցման առանցքում”,- ընդգծել է նա:

Այս համատեքստում նա նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը, “որի շրջանակներում մենք փորձում ենք գտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը”:

Հանդիպման շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է անցկացրել մի շարք գործընկերների հետ: