Բավ է պառակտվել
28-01-2022 15:48

Հայաստանի արտգործնախարարը՝ Թուրքիայի հետ «սիրախաղի» մեղադրանքների և խաղաղության հնարավորության մասին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է ընդդիմության մեղադրանքներին, թե իշխանությունը «սիրախաղում» է Թուրքիայի հետ՝ ի վնաս երկրի շահերի, մեկնաբանել է խաղաղության հնարավորությունը և խոսել համազգային «կարմիր գծերի» մասին։

«Այդ նույն ընդդիմությունից հետաքրքրվեք, թե ինչպես է եղել, որ 90-ականների վերջերից որևէ տարի գրեթե չի եղել, երբ Հայաստան-Թուրքիա երկխոսության ուղղությամբ որևէ բանակցություն, քննարկում, նամակագրություն, կոնտակտ չլիներ: Այդ հեքիաթները դրեք մի կողմ, ոչ դուք նպաստեք դրան, ոչ էլ թույլ տվեք, որ տարբեր՝ իրենց ընդդիմադիր հռչակած անձինք խաբեն: Բավական է ապրել խաբկանքի մեջ: Այն արհավիրքը, որ եղել է մեզ հետ, մեծ ինքնախաբեության արդյունք է: Պետք է ուղիղ առերեսվել իրականությանը, ուղիղ խոսել միմյանց հետ ու ոչինչ չթաքցնել»,-ասել է Արարատ Միրզոյանը լրագրողներին «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելության ընթացքում։

Նա նշել է նաև, որ չի կարելի տարբեր միջազգային հարթակներում մի բան ասել, իսկ տանը՝ բոլորավին այլ բան։

«Ես ինչ բանակցում եմ, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ուղիղ ասում եմ, գաղտնի բան չկա, ամեն ինչ հրապարակային է»,- ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ Հայաստանն ունի համազգային «կարմիր գծեր», որոնք չի կարելի անցնել։

«Մենք առաջին ու վերջին ժողովուրդը չենք, որ հարևան պետության հետ ունեցել է շատ երկար հակամարտություն։ Կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է քննարկվեն։ Խոսքն, առաջին հերթին, տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու մասին է»,- ասաց Միրզոյանը։

Խոսելով այն մասին, որ նման բանակցությունները վիրավորում են զոհված զինծառայողների ծնողների զգացմունքները, Միրզոյանն ասաց, որ ողջ հարգանքով Հայրենիքի համար զոհվածների հիշատակին՝ պետք է հոգ տանել ողջերի մասին։