Բավ է պառակտվել
17-03-2022 23:21

Հայաստանի արտգործնախարարը ՆԱՏՕ-ի ԳՔ տեղակալի հետ քննարկել է իրավիճակն Արցախում և հայ-ադրբեջանական սահմանագոտում (տեսանյութ)

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հինգծաբթի հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանայի հետ, հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունը։

Միրզոյանը գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ֊ի հետ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության կապակցությամբ: Այս համատեքստում, որպես համագործակցության զարգացման արդյունավետ գործիք, կարևորվել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը։

Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների` միջազգային խաղաղապահ առաքելություներին ունեցած մասնակցությանը և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման գործում Հայաստանի ներդրմանը:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Միրզոյանը ներկայացրել է հայ-աֆրբեջանական սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, քաղաքացիական բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումների գործադրման փաստերը։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը Հյուսիսատլանտյան խորհրդում հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է անցած 30 տարիների ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետևանքներին, հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների մուտքի հարցերին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռնակարներին ու հնարավորություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առանց նախապայմանների բանակցություններին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի: