Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մոտ ապագայում դրական արդյունքներ է ակնկալում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումներից։ Այդ մասին նա հայտարարել է հինգշաբթի օրը 2023 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ։
Միրզոյանն հայտնեց, որ կոնկրետ քննարկումներ են ընթանում՝ առաջին հերթին հատուկ ներկայացուցիչների մակարդակով։ Բայց նաև որոշակի փորձագիտական ներգրավվածությամբ քննարկումներ են ընթանում մի քանի կոնկրետ քայլերի շուրջ, այդ թվում՝ սահմանի բացումը դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց և երրորդ երկրների քաղաքացիների համար։
«Կարող եմ ասել, որ առաջընթաց կա, քննարկումները շարունակվում են, և կարող եմ ասել նաև, որ մոտ ապագայում ակնկալում եմ դրական արդյունքներ»,- ասաց նա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպմանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և այդ ուղղությամբ հնարավոր հետագա քայլերը։ Ընդգծվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրականացման անհրաժեշտությունը։
Հայ-թուրքական հանդիպումների մասին
Ավելի վաղ Հայաստանն ու Թուրքիան նշանակել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրենց հատուկ ներկայացուցիչներին՝ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին և փորձառու դիվանագետ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, որոնք այս տարի չորս հանդիպում են ունեցել․ մեկը Մոսկվայում և երեքը Վիեննայում:
Հուլիսի 1-ին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպմանը կողմերը պայմանավորվել են ապահովել Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանի հատումը այս երկրներ այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հնարավորինս արագ սկսել ուղիղ օդային բեռնափոխադրումներ Հայաստանի և Թուրքիայի միջև և որոշում է կայացվել սկսել այս ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները։
Մարտի 12-ին Անթալիայում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ Միրզոյանն ավելի ուշ հայտնել է, որ քննարկվել է հարաբերությունների կարգավորման հետագա ընթացքը, կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունն առաջ տանել այդ գործընթացն առանց նախապայմանների, որպեսզի այն պսակվի երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ։