Բավ է պառակտվել
20-07-2023 19:38

Հայաստանի արտգործնախարարը նշել է, թե ինչ 4 ակնկալիք ունի հայկական կողմն Ադրբեջանից

Հայաստանն ակնկալում է ադրբեջանական կողմից վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների։ Այս մասին Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նաեւ հայտարարել է, որ հայկական կողմն ակնկալում է Ադրբեջանից իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 23-ին ընդունած և հուլիսի 6-ին վերահաստատած որոշումը, ապահովել մարդասիրական հասանելիություն դեպի Լեռնային Ղարաբաղ և համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կառույցների հետ, լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերը բացառապես խաղաղ միջոցներով:

«Իիրավիճակը Լեռնային Ղարաբաղում աղետալի է և կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Մենք այլևս չենք խոսում վերահաս ճգնաժամի մասին, մենք խոսում ենք շարունակվող հումանիտար աղետի մասին: Միջնադարյան գործելաոճը պետք է դադարեցվի: Այսպես չի կարող շարունակվել, եթե մենք լուրջ ենք վերաբերվում արժեքներին և սկզբունքներին», - ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ համաշխարհային հանրությունն ընդհանուր առմամբ և ԵԱՀԿ-ն մասնավորապես չեն կարող լռել, քանզի վտանգված է 120 հազար մարդու կյանք։

«Լեռնային Ղարաբաղի պաշարումը և Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է անհապաղ վերացվեն, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված և դրանից բխող հարցերը պետք է պատշաճ և բարեխիղճ կերպով հասցեագրվեն: Դա ճանապարհ կհարթի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների առաջմղման համար և այդքան երկար սպասված խաղաղություն կբերի տարածաշրջան»,- ասել է Միրզոյանը։

Նա շեշտել է, որ լռությունը, անտարբերությունն ու անգործությունն այլևս տարբերակ չեն։ Միջազգային մեխանիզմները պետք է արագ արձագանքեն նման իրավիճակների կարգավորման համար իրենց՝ մանդատով նախատեսված գործողությունների և գոյություն ունեցող գործիքակազմի շրջանակներում:

Իրանի արտգործնախարարի հետ զրույցում Միրզոյանը նշել է Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրումը
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հարցերը և ճգնաժամն Արցախում
Հայաստանի բնակչության շուրջ 4 տոկոսը հեպատիտ C-ի կրող է․ ԱՆ
Հայաստանի արտգործնախարարը վրացերենով ցավակցություն է հայտնել Վրաստանում տեղի ունեցած տարերային աղետի կապակցությամբ
Շոյգուն նշել է Հայաստանի մասնակցության կարևորությունը ՀԱՊԿ-ի նախապատրաստական աշխատանքներին