Բավ է պառակտվել
13-01-2023 16:27

Հայաստանի արտգործնախարարը կոչ է արել G-20-ի անդամներին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու Ղարաբաղի անմարդկային շրջափակումը

Ներկայումս մեր միջազգային գործընկերների, այդ թվում` G-20 անդամների կողմից անհրաժեշտ է Ադրբեջանի վրա հստակ ճնշում գործադրել` դադարեցնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անմարդկային շրջափակումը և բանակցությունների սեղան վերադառնալու նպատակով։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը G-20-ում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողովին», տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Մենք նաև անհրաժեշտ ենք համարում տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել մարդասիրական մուտքի ապահովումն»,- ասել է
Միրզոյանը։ Նրա խոսքով, Ադրբեջանի շարունակական գործողությունները ցույց են տալիս, որ պատասխանատվության համարժեք մեխանիզմների բացակայությունը միայն խրախուսում է Ադրբեջանին` կասկածի տակ դնել միջազգային հանրության գործողություններ ձեռնարկելու վճռականությունն ու պատրաստակամությունը։
«Մինչ մենք խոսում ենք հաղորդակցության և մարդկանց ազատ տեղաշարժի մասին, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ամբողջ աշխարհն ականատես է լինում այս սկզբունքների կոպտագույն խախտման. շինծու բնապահպանական մտահոգությունների պարտրվակով Ադրբեջանի կառավարության մի խումբ գործակալներ արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհը»,- ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ վարկաբեկելով համաշխարհային բնապահպանական օրակարգը և ոտնահարելով ազատ տեղաշարժի իրավունքը՝ Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի, այդ թվում` 30 հազար երեխաների և մի քանի հազար հաշմանդամների։ Ադրբեջանական ապօրինի շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր առերեսվում է հումանիտար աղետի: Առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի և դեղորայքի սուր պակաս։ Զգալի է թերսնման, հատկապես` երեխաների թերսնման վտանգը։ Ադրբեջանական շրջափակման տարբեր կողմերում հայտնված հարյուրավոր ընտանիքներ մնում են
բաժանված։ «Ստեղծված իրավիճակում մենք բարձր ենք գնահատում միջազգային հանրության և, մասնավորապես, 2022 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ժամանակ ՄԱԿ ԱԽ անդամների մեծամասնության միանշանակ կոչերը՝ շրջափակումը դադարեցնելու և միջազգային կազմակերպությունների` Լեռնային Ղարաբաղ մուտքն ապահովելու վերաբերյալ»,- ասել է Միրզոյանը։