Բավ է պառակտվել
15-03-2022 12:14

Հայաստանի արտգործնախարարը մեկնաբենել է խաղաղության համաձայնագրի կնքման համար Ադրբեջանի առաջ քաշած 5 սկզբունքը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների։ Նախարարը հիշեցրել է, որ ԱԳՆ-ն խաղաղության պայմանագրի բանակցությունների համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Միրզոյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները և ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը դրանց վերաբերյալ։ Նա ուշագրավ է համարել, որ փետրվարի 21-ի նամակը հայկական կողմին է փոխանցվել միայն մարտի 10-ին։

«Առաջին հերթին կարելի է ընդգծել, որ խաղաղության պայմանագրի շուրջ ցանկացած բանակցություն պետք է տեղի ունենա առանց նախապայմանների։ Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ»,- ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ առաջարկի մեջ նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

«Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական առաջարկին՝ համահունչ նշված դիրքորոշմանը»,- ասել է Միրզոյանը։

Ինչ վերաբերում է երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, նախարարի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունները պետք է լիարժեք կյանքի կոչվեն, և Հայաստանը շարունակում է հետևողական լինել այս ուղղությամբ։

«Ինչպես գիտեք, մենք նույնիսկ հանդես ենք եկել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համալիր առաջարկներով, ինչպես օրինակ զորքերի հայելային հետքաշմամբ և միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրմամբ սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջարկը, որոնք սակայն ադրբեջանական կողմը մերժել է»,- ասել է Միրզոյանը։

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի, բայց մինչ այդ փաստաթուղթը պետք է ձևավորվի բանակցությունների արդյունքում։ Նա նշեց, որ «այդ բանակցությունները պետք է տեղի ունենան, և Հայաստանը պատրաստ է դրանց»։

Խաղաղության պայմանագրի սկզբունքները, որոնք առաջարկել է Ադրբեջանը
Կողմերը փոխադարձաբար ճանաչում են երկու երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անքակտելիությունը և քաղաքական անկախությունը միմյանցից,
Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային ոտնձգություններ և ստանձնում են ապագայում նույնպես նման ոտձգություններից հրաժարվելու իրավական պարտավորություն,
Կողմերը պարտավորվում են միջազգային հարաբերություններում զերծ մնալ սպառնալիքից միմյանց անվտանգության նկատմամբ, զերծ մնալ սպառնալիքից և ուժից միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես նաև այլ հանգամանքներից, որոնք հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը,
Կողմերը պարտավորվում են սահմանազատում և սահմանագծում իրականացնել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել,
Կողմերը պարտավորվում են բացել տրանսպորտային ուղիները և կոմունիկացիաները, հաստատել համապատասխան այլ կոմունիկացիաներ և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մյուս բնագավառներում: