Բավ է պառակտվել
28-10-2019 13:35

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է Ալիևի հետ Փաշինյանի հանդիպման հնարավորությունը

Ներկա պահին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում չի նախատեսվում, հայտնել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

“Մենք հիմա ավելի շատ կենտրոնացած ենք, որպեսզի շարունակենք իրականացնել հանդիպումներն արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Դա հիմքն է ղեկավարների մակարդակով հանդիպումը նախապատրաստելու համար”, - ասել է նախարարը Բուլղարիայի արտգործնախարար Եկատերինա Զախարիևայի հետ համատեղ ասուլիսում:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին Նյու-Յորքում։ Հանդիպման արդյունքներով ԵԱԽՎ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում նշվել է, որ ԱԳՆ ղեկավարները մտադիր են ևս մեկ հանդիպում անցկացնել մինչև տարեվերջ։
Մնացականյանը նշել է, որ բանակցություններն ընթանում են ինչպես անմիջականորեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցի, այնպես էլ արդեն արդեն ձեռքբերված պայմանավորվածությունների և կոնկրետ քայլերի շուրջ։
“Հուսով եմ, մոտակա շրջանում կկարողանանք իրականացնել որոշ քայլեր, որոնք կծառայեն այդ պայմանավորվածությունների իրականացմանը։ Գիտեք, որ եղել է շփում մեր ղեկավարների միջև՝ Աշխաբադում (ԱՊՀ գագաթնաժողովին), որն օգտակար էր այն առումով, որ կարողացել ենք վերահաստատել որոշ կզբունքներ և մոտեցումներ, որոնք վերաբերում են բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծմանն”,- ասել է Մնացականյանը։
Փաշինյանը և Ալիևը զրույցել են հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովից հետո կայացած ճաշի ժամանակ։ Մինչ այդ ԱՊՀ ղեկավարների Խորհրդի նիստի ընթացքում Հայաստանի վարչապետը կոշտ արձագանքել է Ադրբեջանի ղեկավարի հայտարարությանը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի նախօրեին նացիզմի հերոսացման վերաբերյալ: