Բավ է պառակտվել
11-01-2022 21:07

Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ուրբաթ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունը։
Կողմերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, ինչպես նաև այդ ձևաչափում աշխատանքների լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին: Միրզոյանը կարևորել է ռազմագերիների ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման, աճյունների փոխանակման վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի հայտարարությունը։
Նա նաև տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի ԶՈւ կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտումների մասին և կարևորել իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլերի իրականացումը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Ղազախստանում ստեղծված իրավիճակը: Միրզոյանը ներկայացրել է հարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը:
Անդրադաձել է կատարվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության այլ հարցերին։