Բավ է պառակտվել
22-10-2021 18:12

Ադրբեջանը թաքցնում է հայ գերիների թիվը․ ԱԳՆ ղեկավարը՝ ԿԽՄԿ փոխնախագահին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ուրբաթ ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությունն։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը։

Միրզոյանն ընդգծել է կազմակերպության առանձնահատկությունը՝ որպես չեզոք, անկողմնակալ կառույցի, որը 1992 թվականից գործունեություն է ծավալում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում: ԱԳ նախարարը շեշտել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՀՀ-ում և Արցախում ԿԽՄԿ-ի առաքելության իրականացմանը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է ԿԽՄԿ՝ որպես Արցախում այս պահին ներկա միակ միջազգային կառույցի գործունեության անհրաժեշտությունը՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած բնակչությանն օժանդակություն ցուցաբերելու համատեքստում:

Միրզոյանը շեշտել է, որ շարունակում է առաջնային խնդիր մնալ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների շուտափույթ վերադարձի հարցը։ Նա հիշեցրել է, որ խախտելով Ժնևի կոնվենցիայի և 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները՝ Ադրբեջանը շարունակում է արհեստական խոչընդոտներ ստեղծել գերիների վերադարձի հարցում։

Միրզոյանը նշել է նաև, որ չնայած հայկական կողմի ներկայացրած ապացույցներին՝ Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը։

ԿԽՄԿ պատվիրակությունն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու իր օժանդակությունը ՀՀ իշխանություններին՝ հետպատերազմյան իրավիճակում ստեղծված հումանիտար խնդիրները հաղթահարելու նպատակով: