Բավ է պառակտվել
01-10-2021 12:35

Նյու Յորքում հանդիպումները փաստում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորման արդիականությունը․ Հայաստանի արտգործնախարար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի արտգործնախարար Զեյհուն Բայրամովի հետ Նյու Յորքում կայացած հանդիպումները փաստում են, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումը մնում է օրակարգում: Այս մասին ուրբաթ օրն ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ։

«Ես կցանկանայի կարևորել սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումն, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ սեպտեմբերի 24-ին կայացածհանդիպումը՝ համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ, որոնք կրկին հաստատում են, որ հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումը մնում է օրակարգում », - ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ հանդիպումների ժամանակ վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը վերսկսելու Հայաստանի պատրաստակամությունը` հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի մասնակցության շրջանակներում սեպտեմբերի 23-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Իգոր Խովաևի (Ռուսաստան) հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կայացել է սեպտեմբերի 24-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: