Բավ է պառակտվել
19-09-2022 22:27

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանի ագրեսիային կազմակերպության արձագանքի կարևորությունը

Երկուշաբթի Նյու Յորքում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ, տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունը։

Միրզոյանը ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները՝ մատնանշելով, որ այն ուղեկցվել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ վայրագությունների և խոշտանգումների իրականացմամբ։

Նա նշել է, որ որ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան կոպտորեն խախտում է միջազգային հումանիտար իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթները։

Արտգործնախարարը խստորեն դատապարտել է ուժի կիրառմամբ իր առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի վարքագիծը՝ հատուկ ընդգծելով ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ հստակ և հասցեական արձագանքի կարևորությունը, ինչպես նաև կազմակերպության շրջանակներում առկա համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը հակամարտության տևական և համապարփակ լուծման նպատակով։

Միրզոյանն անդրադարձ է կատարել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ այս համատեքստում մատնանշելով հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության ծրագրերը։
Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնածավալ ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ՝ կիրառելով խոշոր տրամաչափի զենքեր, հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր։

Ադրբեջանական զինուժը հրետակոծել է Հայաստանի 36 բնակավայր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի այրվել է ավելի քան 190 բնակելի տուն, էներգետիկ ենթակառուցվածքներ, ջրամատակարարման օբյեկտներ, գազատարներ, կամուրջ և ավտոճանապարհներ։

Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվել կամ անհետ կորել է 207 մարդ, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչ, 2 խաղաղ բնակչի գտնվելու վայրը հայտնի չէ։ 293 զինծառայող վիրավորվել է, 20 զինծառայող գերի ընկել։ Ապացույցներ կան ադրբեջանցիների կողմից գերի ընկած կամ վիրավորված հայ զինվորների խոշտանգումների, անդամահատման, և, այսպիսով՝ անօրինական սպանությունների դեպքերի մասին։

Սեպտեմբերի 19-ի առավոտվա դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարված հրադադարից հետո իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս փուլում ռազմական դրություն մտցնելը նպատակահարմար չէ։