Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպման պայմանավորվածություն չկա, չորեքշաբթի օրը խորհրդարանում կառավարության ժամին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Միևնույն ժամանակ նա նշեց պայմանավորվածությունների տաբեր մեկնաբանությունները։
«Մեր ընկալմամբ՝ Ադրբեջանը հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները։ Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում և պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Եթե չորս հոգի պայմանավորվում են հաջորդ հանդիպման համար, կարծում եմ, ակնհայտ պետք է լինի, որ խոսքը չորս մարդու մյուս հանդիպման մասին է»,- ասաց նա։
Հայաստանի արտգործնախարարը հավելեց նաև, որ Ադրբեջանի՝ հանդիպումից հրաժարվելը ապակառուցողական քայլ է։
Նոյեմբերի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը համաձայնել է հանդիպմանը պայմանով, որ դրան կմասնակցի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Վահան Հունանյանը հիշեցրեց, որ Պրահայում կայացած նախորդ հանդիպումը, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները, անցել է քառակողմ ձևաչափով՝ տրամաբանական համարելով, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցները կազմը պետք է լինեն նույնը։ Նա ընդգծեց, որ ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խափանել հանդիպումը և խաղաղ գործընթացը, իրականության հետ կապ չունեն և նշեց, որ Հայաստանը պատրաստ էր դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի։
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը չբացառեց մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կամ արտգործնախարարների մակարդակով հանդիպումների հնարավորությունն, իսկ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 7-ին, ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ Ռուսաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը Փաշինյան-Ալիև հանդիպումն իր մոտ անցկացնելու համար։