Բավ է պառակտվել
15-12-2022 23:51

Հայաստանի արտգործնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը խոսել է Արցախում հումանիտար ճգնաժամի վտանգի մասին

Հինգշաբթի Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։

Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերջին զարգացումներին:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիաները, ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիան և ռազմատենչ ու հայատյաց հայտարարությունները տարածաշրջանում ստեղծում են անկայուն իրավիճակ՝ լի անվտանգային և հումանիտար մարտահրավերներով:

Նախարարը շեշետել է նաև հայ ռազմագերիների հայրենադարձման անհրաժեշտությունը և Ադրբեջանի կողմից հարցի քաղաքական շահարկման անընդունելիությունը։

Հայկական կողմը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար ճգնաժամի վտանգը:

Շեշտվել է միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ համապատասխան մարմինների կողմից համարժեք և հասցեական արձագանքի, ինչպես նաև գործուն քայլերի իրականացման կարևորությունը հնարավոր մարդասիրական աղետը բացառելու նպատակով: