Բավ է պառակտվել
27-04-2015 14:42

Մեր երկիրը հաստատակամ է շարունակելու բարեփոխումները.Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, արտաքին առևտրի և եվրոպական հարցերի նախարար Դիդիե Ռեյնդերսին: Հանրապետության Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը, շահագրգռված լինելով բարեկամ Բելգիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմամբ, մեծապես կարևորում է նաև Եվրոպայի խորհրդի հետ երկխոսությունն ու համագործակցությունը երկրում իրականացվող բարեփոխումների համատեքստում: Նշելով, որ Հայաստանը զգալի առաջընթաց է ունեցել և՛ որպես ԵԽ անդամ-պետություն՝ ՀՀ պարտավորությունների, և՛ անդամակցությամբ ստանձնած հանձնառությունների կատարման գործընթացում, Սերժ Սարգսյանը հավելել է, որ այդուհանդերձ, դեռևս բավականին աշխատանք կա իրականացնելու, և մեր երկիրը հաստատակամ է շարունակելու բարեփոխումները: Նախագահը հաջողություններ է մաղթել Դիդիե Ռեյնդերսին՝ ստանձնած կարևոր առաքելությունը՝ ԵԽ նախարարների խորհրդի նախագահությունը հաջողությամբ ավարտին հասցնելու գործում, որին մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել: Դիդիե Ռեյնդերսը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքի ու ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ չափազանց գնահատում է սերտ ու արդյունավետ համագործակցությունը Հայաստանի հետ: Նա գոհունակությամբ է խոսել Երևանում երեկ և այսօր կայացած իր պաշտոնական հանդիպումների մասին, նշելով, որ իր գնահատմամբ, ինչպես հայ-բելգիական երկկողմ հարաբերությունները, այնպես էլ ԵԽ շրջանակներում փոխգործակցությունը գերազանց են, և անհրաժեշտ է այսուհետ ևս հետևողականորեն շարունակել ջանքերը հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Նշելով, որ տեղյակ է ընթացիկ տարին որքան կարևոր և առանձնահատուկ է Հայաստանի համար՝ հագեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներով, Դիդիե Ռեյնդերսը տեղեկացրել է, որ հանդիպումից հետո այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահը երախտագիտություն է հայտնել պարոն Ռեյնդերսին՝ օրերս Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին բարձր մակարդակով ԵԽ-ի մասնակցության, ինչպես նաև ապրիլի 24-ին հիշատակի արարողությանը բելգիական պատվիրակության ներկայության համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում անչափ շնորհակալ են ու բարձր են գնահատում Բելգիայի իշխանությունների և անձամբ պարոն Ռեյնդերսի ներդրումը Բելգիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման ընդունման գործում: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԽ համագործակցության օրակարգին, Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵԽ աջակցությանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Դիդիե Ռեյնդերսն այս համատեքստում ընդգծել է, որ ԵԽ-ն պատրաստակամ է և հանձնառու շարունակել աջակցությունը Հայաստանին՝ քաղաքական, տնտեսական, իրավական ու այլ ոլորտներում բարեփոխումների ճանապարհին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ: Դիդիե Ռեյնդերսը վերահաստատել է իր երկրի և նաև ԵԽ նախարարների խորհրդի նախագահի դիրքորոշումը՝ սատարել միջազգային մանդատ ունեցող միջնորդներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում: