Բավ է պառակտվել
26-05-2021 15:18

Մենք խաղաղություն ենք ցանկանում տարածաշրջանում և կարևորում ենք տարածքային ամբողջականությունը․ Իրանի ԱԳ նախարարը՝ Փաշինյանին

Հայաստանի վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի ընդունել է Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին, հայտնում է վարրչապետի պաշտոնակատարի մամլո ծառայությունը։

«Իրանի հետ մեր հարաբերությունները և հարևանությունը ռազմավարական նշանակություն ունեն: Անկախության առաջին տարիներից Իրանի հետ մեր ունեցած սահմանն ապահովել է մեր երկրի անվտանգությունը մի շարք առումներով: Ուրախ եմ արձանագրել, որ Իրանում նույնպես այդպիսի ընկալում կա մեր հարևանության և հարաբերությունների վերաբերյալ»,- նշել է Փաշինյանը։

Նա նշել է հայկական կողմի շահագրգռությունը քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններն ավելի խորացնելու հարցում:

«Անվտանգային ոլորտում նույնպես քննարկումներ ունենք, օրակարգում առկա են որոշակի հարցեր, և մեր խոսակցությունների ու քննարկումների բնույթը ռազմավարական է: Մենք պետք է ջանքեր գործադրենք հաջողության հասնելու համար: Դուք տեղյակ եք, որ վերջին շրջանում որոշակի լարում ունենք Ադրբեջանի հետ սահմանին: Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մի քանի հատվածներում ապօրինի կերպով հատել են Հայաստանի սահմանն»,- ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ հայկական կողմի դիրքորոշումը միանշանակ է․ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է հեռանան հայկական տարածքից:

«Եվ մենք սրա համար առաջին հերթին քաղաքական-դիվանագիտական ջանքեր ենք գործադրում, նաև այն պատճառով, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեր գործընկերները հենց առաջին օրերից հորդորում են մեզ, որպեսզի փորձենք հարցը լուծել առաջին հերթին դիվանագիտական-քաղաքական ճանապարհով։ Տեղյակ եք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն՝ ռազմական գործողությունները մեր երկրի տարածքում կնշանակի, որ պատերազմի մեջ ներքաշվում են նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մյուս երկրները։ Իհարկե մեր ցանկությունն է նաև, որ հարցը լուծվի դիվանագիտական-քաղաքական ճանապարհներով»,- ասել է Փաշինյանը։

Նա ցավով արձանագրել է, որ երեկ արդեն հայկական կողմը զոհ է ունեցել։ Ադրբեջանի զինծառայողի կողմից արձակված հրազենային կրակից սպանվել է Հայաստանի զինված ուժերի զինծառայող։
«Այնպես որ, իրադրությունը բավականին լարված է և այս հանդիպումը լավ առիթ է, որպեսզի ծանոթանանք նաև իրավիճակի հաղթահարման վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետներին», - նշել է Փաշինյանը։

Իր հերթին, Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը միշտ եղել է իր երկրի լավ բարեկամը, և երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները գալիս են դարերի խորքից: Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ոլորտները բազմաթիվ են և այս վերջին երկու օրվա ընթացքում Իրանի քաղաքաշինության ու ճանապարհների նախարարի այցը դրա վառ վկայությունն է, որը շատ հաջողված այց էր։

«Շատ կարևոր հարցեր կան և՛ երկկողմ, և՛ տարածաշրջանային շրջանակում, որին պետք է հետամուտ լինել: Մենք ցանկանում ենք խաղաղություն հաստատվի այս տարածաշրջանում: Եվ միշտ ընդգծել ենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ճգնաժամերի խաղաղ լուծման մասին, Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ կարևորում է միջազգային իրավունքին հարգանքով վերաբերվելը»,- նշել է Զարիֆը:

Նա հիշեցրել է, որ վերջին սրացումները լուծելու նպատակով Իրանից երեք այց է իրականացվել Հայաստան:

«Ցավում եմ, որ այս նոր սրացման հետևանքով զոհ եք ունեցել: Երեկ ես շատ մանրամասն և բովանդակալից խոսակցություն եմ ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: Հուսով եմ՝ այսօրվա մեր հանդիպումը, ինչպես նաև իմ հանդիպումը, որ ունեցել եմ իմ հարգարժան գործընկերոջ հետ, կկարողանա նպաստել, որպեսզի այս ճգնաժամը լուծում ստանա»,- ասել է Զարիֆը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված քայլերը: Իրանի ԱԳ նախարարը շեշտել է իր երկրի շահագրգռությունը՝ տարածաշրջանի կայունության ապահովման, Հայաստանի տարածքային ամբողջականության լիարժեք պահպանման ու ապահովման հարցում: