Բավ է պառակտվել
26-01-2015 12:36

Արտգործնախարարը անտեղի է համարում Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելը

Գյումրիի ողբերգության հանդեպ էմոցիոնալ մոտեցումը հասկանալի է, բայց դրանից հայ-ռուսական հարաբերությունները վերանայելու անհրաժեշտություն չի ծագում: Այս մասին հունվարի 26-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ի պատասխան հարցին, թե Գյումրիի ողբերգության համատեքստում գոհ են արդյոք ՀՀ իշխանությունները ռուսական կողմի հետ հարաբերություններից կամ պե՞տք է ինչ-որ բան փոխել, նախարարը հիշեցրել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակցային ռազմավարական հարաբերություններ ունեն: «Էմոցիաները հասկանալի են, սակայն չեմ կարծում, որ տեղին է հարաբերությունները վերանայելու մասին խոսելը», - հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ կողմերը համատեղ ջանքերով ձգտում են խորացնել եւ զարգացնել հարաբերությունները: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ ողբերգության օրը հանրապետության նախագահը ընտրողական խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, հանձնարարարականներ տվել եւ նշել, որ հանցագործությունը պետք է բացահայտվի ամենակարճ ժամկետում, մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Այս հարցում հայկական կողմը համագործակցում է ռուսաստանցի գործընկերների հետ: Նախարարը հիշեցրել է, որ նախագահները հեռախոսազրույց են ունեցել, կապերը պահպանվում են բոլոր մակարդակներով: «Փոխըմբռնում կա առ այն, որ քննությունը պետք է բաց եւ թափանցիկ լինի, եւ մեղավորները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»:  Հարցին, թե արդյոք ռուսական կողմը խախտել է երկկողմ համաձայնագիրը Վալերի Պերմյակովի ձերբակալության ընթացքում, նախարարը պատասխանել է, որ ըստ օրենքի՝ փաստաթղթերի մեկնաբանության տարաձայնությունների դեպքում կողմերը դիմում են ԱԳՆ, բանակցություններ են անցկացվում նման հարցերի լուծման համար հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ: Եթե այդպիսի հանձնաժողով է ստեղծվում եւ դարձյալ արդյունք չի լինում, այդ ժամանակ հարցը լուծվում է դիվանագիտական ճանապարհով: