Բավ է պառակտվել
12-06-2015 09:33

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրանի արտգործնախարարի տեղակալին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի արտգործնախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմ Փուրին, ով Երևան է ժամանել միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը և Իրանը կապված են ավանդական ջերմ, փոխշահավետ հարաբերություններով, որոնց վկայությունն է միջպետական բարձր մակարդակի երկխոսությունը, տարբեր բնագավառներում ակտիվ փոխգործակցությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխարտգործնախարար Ռահիմ Փուրը Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի բարեմաղթանքները։ Էբրահիմ Ռահիմ Փուրն ընդգծեց, որ Իրանը կարևորում է հարևան Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը և համագործակցության ընդլայնումը: Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի, կարևորեցին միջխորհրդարանական ձևաչափով փոխգործակցությունը, քննարկեցին հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը: Այս համատեքստում արծարծվեց համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերի իրականացումը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Փոխնախարար Ռահիմ Փուրը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։