Բավ է պառակտվել
24-06-2022 19:03

ՌԴ ԱԳՆ ղեկավար․ ԵԱՀԿ ՄԽ-ն դադարեցրել է գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ

Ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ։ Այնուամենայնիվ, եվրոպացիներն ընդունում են, որ մնացած բոլոր հարցերի վերջնական լուծման համար հիմք են հանդիսանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երեք հայտարարությունները։Այդ մասին ուրբաթ օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը կիսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը՝ 20 տարվա գործունեության զրոյական արդյունքից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությանը «հրաժեշտ տալու» անհրաժեշտության մասին, նախարարը նշել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում այս խմբի աշխատանքը չի քննարկվել։

«Մենք, սկզբունքորեն, չենք քննարկել Մինսկի խումբը որպես այդպիսին, քանի որ այն դադարեցրել է իր գործունեությունը ամերիկացի և ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ, բայց, իհարկե, քննարկել ենք հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացները։ Եվ այս նոր գործընթացների համար հիմք են հանդիսանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններն»,- ասել է նա։

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած երեք հայտարարություններն այժմ բոլորի կողմից ճանաչվում են որպես մնացած բոլոր հարցերի վերջնական լուծման հիմք։ Մենք ելնում ենք դրանից: Ինչպես հասկանում եմ, այս իրողությունը ճանաչում են նաև մեր եվրոպացի հարևանները, որոնք ամեն կերպ փորձում են Եվրամիության ջանքերը ներդնել մնացած խնդիրների լուծման գործում»,- ընդգծել է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը։

Լավրովի խոսքով, եվրոպացի գործընկերները գիտակցում են, որ խնդիրները շարադրված են համապատասխան երեք փաստաթղթերում և «ոչ մի կերպ կապված չեն ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության, ոչ էլ այն զարգացումների հետ, որոնք եղել են այս խմբի ներսում, բացառությամբ վերջնական նպատակը»:

«Իսկ վերջնական նպատակը Ղարաբաղը շրջապատող շրջանների ազատագրումն ու հենց Ղարաբաղի ու նրա բնակչության կենսագործունեության հարցերը լուծելն էր»,- ամփոփել է նա։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերյան իրադարձություններից հետո «բոլոր այն զարգացումները, որոնք առկա էին, և որոնք երկար տարիներ քննարկվում էին առանց տեսանելի արդյունքների, overtaken by events (կորցրեցին իրենց արդիականությունը): Տեղում (այս տարածաշրջանում) ծավալված իրադարձությունները հետևում թողեցին այս փաստաթղթերը։ Եվ սա պարզապես օբյեկտիվ իրականություն է»,- հավելել է Լավրովը։