Բավ է պառակտվել
24-04-2021 10:57

«Ես հայ չեմ, բայց այս պահին սիրտս հայի նման է բաբախում»․ Ֆրանսիայի Սենատի նախագահ

Ֆրանսիայի պատվիրակությունը՝ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի «անմար կրակի» մոտ։
«Աշխարհում քիչ են այս հուշահամալիրին համարժեք վայրերը։ Այստեղ մուտք ես գործում հուզմունքով լի` ծանոթ լինելով կատարվածին, այստեղից հեռանում ես փոխված։ Ժողովրդավարական հասարակություններում լինում են պահեր, երբ քաղաքական տարաձայնությունները կորցնում են իրենց իմաստը։ Եվ այսօր մենք Սենատի տարբեր հանձնաժողովների նախագահների հետ այստեղ ենք՝ ապացուցելու այդ փաստը։ Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում»,- ասաց նա։

Ինչպես ընդգծեց Լարշեն, այս հուշահամալիրը սովորեցնում է, որ ռազմական գործողությունները, եթե դրանք անգամ հաջող են ընթացել, հաղթանակ չեն բերում։

«Թող որ այն հարձակումը, որին վերջերս ենթարկվեցին հայրերը, և որն ուղեկցվում էր ատելությամբ, բռնություններով, վայրագություններով, սրբավայրերի պղծմամբ և ավերմամբ, այստեղ գտնի այն պատասխանը, որը մարտահրավեր է նետում անցյալին: Սպառնալիքը, որը, թվում էր, մարել է, կարող է կրկին բռնկվել, կենդանի հիշողությունը պատմության ողբերգական կրկնության դեմ լավագույն պատվարն է»,-ասաց նա:

Սենատի նախագահը նշեց, որ 1915թ. հետո բազմաթիվ հայեր ապաստանեցին Ֆրանսիայում։ Նա հիշեցրեց, որ 20 տարի առաջ, նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

«Այս պատմությունն այսօր մեզ` եվրոպացի ֆրանսիացիներիս ստիպում է, որ երբեք չմոռանանք դա»,- ասաց նա։

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապացությամբ։

«Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների և փախստականների հետ եմ, որոնց ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը։ Մենք երբևէ չենք մոռանա»,–գրել է Մակրոնը: