Բավ է պառակտվել
23-09-2018 11:05

ԿԸՀ -ի ղեկավարը մեկնաբանել է Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը


Հայասատանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների քվերակության ընթացքը։
“Ժամը 08։00-ին մեկնարկել են Երևանի ավագանու խորհրդի արտահերթ ընտրությունները։ ԿԸՀ-ն, կարևորելով տեղեկատվության հասանելիությունը, որոշում է կայացրել, որ մամլո կենտրոնը գործելու է ամբողջ օրվա ընթացքում։ Կազմակերպվում են տարբեր հանդիպումներ, 3 ժամ պարբերականությամբ ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվեն:
Ժամը 24։00-ին կսկսվեն ի մի բերվել ընտրությունների արդյունքները, որոնք կհրապարակվեն ըստ ընտրական տեղամասերի”,-ասել է Մուկուչյանը։
Նա նշել է, որ տեղեկություններին կարելի է ծանոթանալ ԿԸՀ կայքից, իսկ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 848 343 մարդ, բացվել է 475 ընտրատարածք։
Մուկուչյանը հայտնել է, որ բոլոր ընտրատարածքներն աշխատում են սովորական ռեժիմով, ընտրողների գրանցումն իրականացվում է 1350 էլեկտրոնային սարքերի միջոցով։ Ժամը 08։00-ի դրությամբ բոլոր սարքերը միացված էին և անխափան աշխատում են։
Նա տեղեկացրել է, որ Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների ընթացքի դիտորդական առաքելությունն իրականացնում են ութ տեղական կազմակերպություն, որոնց կազմում 662 դիտորդ է ներառված, և մեկ միջազգային առաքելություն՝ չորս դիտորդով։
Ընտրությունները լուսաբանելու համար գրանցվել են 44 տեղեկատվական գործակալություն և 620 տեղացի լրագրող, ինչպես նաև արտասահմանյան 5 ԶԼՄ-ների 10 լրագրող։

Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են 12 քաղաքական ուժ։ Մասնավորապես՝ “Իմ քայլը” ցուցակի առաջին համարով գրանցել է հայտնի դերասան Հայկ Մարությանին (Կարգին Հայկո)։ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը՝ պատգամավոր, կուսակցության քաղխորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, “Ժառանգություն” կուսակցությունը՝ իր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, “Դաշնակցություն” կուսակցությունը՝ բնապահպանության նախարարության անտառտնտեսության պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանին, “Օրինաց երկիր” կուսակցությունը՝ իր փոխնախագահ Մհեր Շահգելդյանին, “Լույս” դաշինքը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։