Բավ է պառակտվել
06-10-2020 14:55

Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար. զինյալներին տեղափոխում են Ղարաբաղ

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության պայմաններում Անդրկովկասը ահաբեկչական կազմակերպությունների անդամների պլացդարմ վերափոխելու հնարավորությամբ: Այս մասին ասվում է ԱՀԺ- ի ղեկավարի հայտարարության մեջ, որը ՏԱՍՍ-ը ստացել է երեքշաբթի ծառայության մամուլի բյուրոյից:

«Ղարաբաղում բռնկված զինված դիմակայությունը մագնիսի պես գրավում է զինյալներին տարբեր միջազգային ահաբեկչական կառույցներից», - շեշտել է Նարիշկինը:

«Մեզ չի կարող չանհանգստացնել, որ Անդրկովկասը կարող է դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների նոր ռազմահենադաշտ, որտեղից գրոհայինները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջանի և Հայաստանի հարակից պետություններ, ներառյալ՝ Ռուսաստանը», - ընդգծել է նա։

«Ըստ ԱՀԾ-ում առկա տեղեկատվության, Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես «Ջեբհաթ ալ-Նուսրա»-ի (արգելված է Ռուսաստանի Դաշնությունում), «Ֆիրկաթ ալ-Համզա»-ի, «Սուլթան Մուրադ»-ի , ինչպես նաև ծայրահեղական քրդական խմբավորումների վարձկաններն ակտիվորեն շարժվում են հակամարտության գոտի», - ասել է ԱՀԾ ղեկավարը: Նա շեշտել է, որ խոսքը հարյուրավոր և նույնիսկ հազարավոր արմատականների մասին է, որոնք հույս ունեն գումար վաստակել ղարաբաղյան նոր պատերազմում:

Նարիշկինը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կվերադառնան բանակցությունների:

«Մենք կասկած չունենք, որ միջազգային հանրության օժանդակությամբ հակամարտության կողմերն, ի վերջո, կդադարեն ուժի գործադրումը և կնստեն բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է նա: