Բավ է պառակտվել
15-04-2019 17:58

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները համաձայնել են մարդասիրական համագործակցության մասին․հայտարարություն

Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը, Էլմար Մամեդյարովը, Սերգեյ Լավրովն, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիկտոնին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդես են եկել երկուշաբթի Մոսկվայում կայացած հանդիպման շուրջ հայտարարությամբ։

Ինչպես տեղեկացրել է հայկական արտաքին քաղաքականության գերատեսչության մամլո ծառայությունը, նախ կայացել են երեք երկրների ԱԳՆ ղեկավարների աշխատանքային բանակցություններն, որից հետո նրանց են միացել միջնորդները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

“Ի զարգացումն ս.թ. մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Տեղի ունեցավ մտքերի հանգամանալի փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ”,- ասվել է հայտարարությունում:

Հայտարարությունում նշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները վերահաստատել են կողմերի մտադրությունը շարունակել քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը:

“Ընդգծվեց շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվեցին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով”,-ընդգծվել է հայտարարությունում:

Ռուսաստանի արտգործնախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված իրենց հանձնառությունները միջնորդական առաքելությանը: Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել շփումները մոտ ապագայում։