Բավ է պառակտվել
11-04-2015 11:42

ՀՀ և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը

Ապրիլի 10-ին պաշտոնական այցով Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Հռոմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնիին: Նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ Նախագահի այցելությունը կնպաստի հայ-իտալական փոխգործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը: Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարները համակարծիք էին, որ երկկողմ հարաբերությունների խորացման համար լավ հիմք են հանդիսանում երկու ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու փոխադարձ բարեկամության ավանդույթները։ Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձան երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության սերտացմանը, երկու երկրների ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացմանը վերաբերող հարցերին: Էդվարդ Նալբանդյանն իր իտալացի գործընկերոջը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանում և ողջ աշխարհում կազմակերպվելիք միջոցառումները՝ ընդգծելով, որ այս խորհրդանշական տարելիցը առավելագույնս պետք է ծառայի՝ հետագայում ցեղասպանությունները կանխելու կարևոր առաքելությանը, որի ուղղությամբ Հայաստանը ակտիվ ջանքեր է գործադրում: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած ցեղասպանության կանխարգելման բանաձևը Իտալիայի կողմից համահեղինակելու համար։ Հանդիպման օրակարգում էին Հայաստան - ԵՄ համագործակցության հարցերը: Նախարարներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների: Էդվարդ Նալբանդյանը Պաոլո Ջենտիլոնիին ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: